Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում՝ անդրադառնալով պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազանգերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ինչպես նաև խոսելով այն հարցի մասին, թե արդյոք ինքը հույս ունի կողմերի հանդիպում կազմակերպել Նյու Յորքում։
«Ակնհայտ է, որ մենք միշտ առիթներ ենք փնտրում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հրավիրելու համար։ Մենք շարունակում ենք աջակցել երկու երկրների ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի։ Նրանք նշանակալի առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագիրը վերջնական դարձնելու ուղղությամբ, և մենք հանձնառու ենք աջակցելու նրանց ամեն կերպ, ներառյալ հրավիրելու հանդիպման, եթե դա օգուտ կտա»,- հայտարարել է Միլլերը։