Վերջին օրերին ԱՄՆ լրատվամիջոցներում լուրեր շրջանառվեցին, թե Թրամփի հանրահավաքին ԱՄՆ նախկին նախագահի դեմ մահափորձ կատարողը ձերբակալվել է և այդ զինված տղամարդը հայ է։ Լուրը շատ արագ տարածվեց հատկապես ադրբեջանական մամուլում՝ «Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվողը խոստովանել է իր հայկական ծագման մասին» տխրահռչակ բովանդակությամբ։
Սակայն սա չի համապատասխանում իրականությանը. ի՞նչ է կատարվել իրականում։
Այսպես. շաբաթ օրը հայտարարվեց, որ Կալիֆոռնիայում՝ Թրամփի նախընտրական հանրահավաքի վայրի մոտ, Լաս Վեգասի բնակիչ Ուեմ Միլլերը ձերբակալվել է զենք կրելու մեղադրանքով։ Պետք է կրկին շեշտել, որ Ուեմ Միլլերը չի մեղադրվել Թրամփի դեմ մահափորձի մեջ, այլ ձերբակալվել է զենք պահելու համար։ Նա շատ արագ ազատ է արձակվել 5000 դոլար գրավի դիմաց։ ՀԴԲ-ն մեղադրանք չի առաջադրել։ ԱՄՆ Գաղտնի ծառայության և ՀԴԲ գործակալները հրաժարվել են նրան հարցաքննել։
Fox News Digital-ին տված հարցազրույցում Միլլերն ասել է, որ իշխանություններին պատմել է այդ ատրճանակի մասին, որով նա միշտ ճանապարհորդում է, չնայած այն երբեք չի օգտագործել։ Նա նշել է, որ ինքը Թրամփի եռանդուն կողմնակիցն է և աշխատում է վերադարձնել նրան նախագահի պաշտոնին։
Իսկ փաստաթղթերը, որոնք Ռիվերսայդ շրջանի շերիֆ Չադ Բյանկոն կեղծ է անվանել, օրինական են. նա հայ է և ունի փաստաթղթեր, որոնցում նշված է իր ամբողջական հայկական անունը, և կան փաստաթղթեր, որոնցում այն բացակայում է, քանի որ այդ փաստաթղթերի օգտագործումը աշխարհի որոշ վայրերում կարող է հանգեցնել նրա սպանությանը։
Միլլերն ասել է, որ 30 տարի աշխատում է լրատվամիջոցներում։ Նա նաև աշխատել է երաժշտական տեսահոլովակներ և հեռուստատեսային շոուներ ստեղծելու գործընթացում ընդգրկված լավագույն արտիստների հետ, բացել է America Happens Network նախագիծը՝ լրատվամիջոցների գրաքննության դեմ պայքարելու համար: Հենց այս աշխատանքի ընթացքում է նա սկսել իրեն սպանելու սպառնալիքներ ստանալ և հրազեն է ձեռք բերել։
Ավելին, Ուեմ Միլլերն ինքը երեքշաբթի հայց է ներկայացրել ընդդեմ Ռիվերսայդ շրջանի շերիֆ Չադ Բյանկոյի, որը տեղական լրատվամիջոցներին հայտնել էր, թե իր տեղակալները «հավանաբար կանխել են ևս մեկ մահափորձ»:
Բիանկոն «մեղադրանքներ է հորինել Միլլերի դեմ՝ պնդելով, որ կանխել է երրորդ մահափորձը» հանրապետական նախագահի թեկնածուի դեմ: Շերիֆը գիտեր, որ Միլլերին մեղադրանք չի առաջադրվել սպանության փորձի հետ կապված որևէ հանցագործության մեջ, և որ ԱՄՆ Գաղտնի ծառայության և ՀԴԲ գործակալները նույնիսկ հրաժարվել են նրան հարցաքննել:
Ըստ Associated Press-ի՝ Նևադայի շրջանային դատարանում ներկայացված հայցում ասվում է, որ Բիանկոն ստել է կեղծ անձնագրերի մասին, և որ նա «պատմություն է հորինել, որպեսզի իրեն համարեն «հերոս» շերիֆ, որը փրկել է թեկնածու Թրամփին»: Որպես մեղադրյալներ նշվում են շերիֆը, Ռիվերսայդի շրջանի շերիֆի վարչությունը և շերիֆի տեղակալը: