![](https://araratnews.am/admin/images/1727771321.jpg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի անդամներ Նարեկ Բաբայանը, Հռիփսիմե Հունանյանը խմբի ղեկավար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ սեպտեմբերի 25-28-ն այցելել են Էստոնիայի մայրաքաղաք Տալլին:
Սեպտեմբերի 25-ին այցի շրջանակում բարեկամական խումբը հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Լաուրի Հուսսարի հետ: Քննարկվել են երկկողմ, ԵՄ-Հայատան օրակարգին, ինչպես նաեւ տարածաշրջանին վերաբերող հարցեր:
Սեպտեմբերի 26-ին պատվիրակությունն Էստոնիայի խորհրդարանում հանդիպել է Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայիդմայի եւ խմբի մյուս անդամների հետ: Հանդիպմանն առանձնահատուկ կարեւորվել է տարբեր ձեւաչափերում հայ-էստոնական սերտ համագործակցությունը: Հատուկ ընդգծվել է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերություններում էստոնական կողմի անգնահատելի դերը, ինչպես նաեւ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու Էստոնիայի պատրաստակամությունը: Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվելիք խաղաղության պայմանագրին, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման գործընթացին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային այլ հարցերի:
Նույն օրը պատվիրակները հանդիպել են Էստոնիայի խորհրդարանի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Պետեր Տալիի եւ հանձնաժողովի անդամների հետ: Էստոնացի գործընկերը նշել է, որ Էստոնիայում մեծ ուշադրությամբ են հետեւում Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին: ՀՀ-ԵՄ հարաբերությունների դինամիկայից խոսելիս առանձնահատուկ կարեւորվել են Հայաստանի եւ Եվրամիության միջեւ արդեն իսկ մեկնարկած վիզաների ազատականացման երկխոսությունը, ինչպես նաեւ ԵՄ-ի հետ խորացող համագործակցության այլ ասպեկտներ: Ընդգծվել է նաեւ ԵՄ դիտորդական առաքելության դերը սահմանային անվտանգության եւ կայունության ապահովման հարցում: Էստոնացի գործընկերներին ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Սեպտեմբերի 27-ին Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի անդամները հանդիպել են Էստոնիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միհկելսոնի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Էստոնիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Մարգարյանը: Կողմերը շեշտել են հայ-էստոնական հարաբերությունների խորացման խոստումնալից դինամիկան: Պատվիրակության անդամները ներկայացրել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերջին զարգացումները` մասնավորապես կարեւորելով վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկը: Մտքեր ենք փոխանակվել տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակի շուրջ:
Սեպտեմբերի 27-ին պատվիրակությունը մասնակցել է Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ Էստոնիայում ՀՀ դեսպանության կազմակերպած միջոցառմանը, որտեղ ներկա էին Էստոնիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ: