Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Այդ փաստաթղթի մեջ ու ընդհանուր առմամբ սահմանի մասին խոսելիս կա շատ կարևոր արձանագրում, որը պետք է արվի. ՀՀ-ի և Ադրբեջանի քարտեզը մետր առ մետր իրավական փաստաթղթերով գոյություն ունեն, դա որևիցե մեկի կողմից բզկտելու կամ ինչ-որ մեկի կողմից հնարելու հետևանք չի, կա փաստաթուղթ: Ալմա-Աթայի հռչակագիրը նշում է կոնկրետ, որ պետությունները անկախանում են իրենց Սովետական Միության ադմինիստրատիվ քարտեզների հիման վրա: Դա է հիմնավորումը, դա է հիմքը, կա տենց բան, Ալմա-Աթա ասելու նպատակը դա է»,- այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթին:
ԱԺ նախագահն անդրադարձավ նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթին, նշելով, որ 3 տարի անց վերջապես լսեց քաղաքական ելույթ. «Մեզ անվանում է իշխանազավթ, չի ասում, որ Սերժ Սարգսյանը սկուտեղի վրա էդ իշխանությունը մեզ տվեց, թե խի՞ չի ասում, չգիտեմ, երևի ամաչում է: Հետո ինչքան կարելի է էդ կենացներով Վանից մինչև ծովից ծով գրողի ծոցը ուղարկելով, էդ հեքիաթները պատմելով կաշառք տալիս էին, ընտրությունները կեղծում էին, ինչ ուզում երկրում անում էին, կառավարում էին, հետո ասում էին մեր դեմ խաղ չկա, կաշառք կտանք, ընտրությունը կկեղծենք, ում կուզենք կծեծենք, ում կուզենք կսպանենք, ում կուզենք բանտ կնետենք և զարմանալի է, որ էդ մարդիկ են գալիս խոսում»:
Սիմոնյանը դաշնակցությանը առաջարկեց փոխել մարտավարությունը, քանի որ մեկ ու կես տարի հետո ընտրություններ են և նրանք չեն անցնի ԱԺ, ասաց, որ գալու են նոր ուժեր, նոր մարդիկ, և նրանց ասելիքը սպառվել է, սպառված է, ուղղակի դերակատար փոխելով որևիցե բան չի փոխվելու. «Հիմա չգիտեմ Վազգեն Մանուկյանին Վազգեն Գասլտանյանով փոխելուց հետո ինչ փուլ ա գալու, առաջին կոսմոնավտին եք բերելու. դա կարող է ավելի պոպուլյար լինել, բայց մարտավարություն փոխեք, դուք ՀՀ-ում ընդդիմադիր իշխանություն եք, դուք էլ իշխանություն ունեք, էդքան սրտացա՞վ եք, պրոցես է տեղի ունենում, որը պատմական է, անդառնալի: Եկեք միասին հասկանանք, միասին քննարկենք, եկեք մեզ օգնեք, միասին էս հարցը լուծենք»: