Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երեք անձի կողմից 2024 թվականի մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր-Նորքի բաժնում ահաբեկչություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Կոտայքի մարզում հաշվառված 56-ամյա Ա.Մ.-ն, Արարատի մարզում հաշվառված 51-ամյա Վ.Գ.-ն և Կոտայքի մարզում հաշվառված 39-ամյա Ս.Հ.-ն, համաձայն չլինելով ՀՀ կառավարության կողմից վարած քաղաքականության, պետության ներքին ու արտաքին խնդիրներին տրվող լուծումների հետ, 2024թ․ մարտի 24-ին տեղեկանալով նույն հայացքներ ունեցող մի խումբ անձանց՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանում տեղափոխվելու մասին, նպատակադրվել են ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի ծառայողներին և այնտեղ գտնվող այլ անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր վնաս պատճառելու, խոշոր չափերի գույք վնասելու վտանգով զուգորդված զավթել և պահել նշված բաժնի վարչական շենքը, կատարել պայթյուններ և այլ հանրավտանգ արարքներ, ստեղծել դրանց իրական սպառնալիք և այդ եղանակներով ահաբեկել բնակչությանը, նշված բաժնի ծառայողներին, կազմալուծել հանրային իշխանության մարմինների գործունեությունը և հանրային իշխանության ներկայացուցչներին հարկադրել ազատ արձակել ոստիկանության բաժին տեղափոխված իրենց համախոհներին, այնուհետև՝ իրականացնել իշխանափոխություն:

«Մինչ այդ՝ նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, հիշյալ անձինք, Երևան քաղաքի Սաֆարյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում գործող գրասենյակից վերցնելով ապօրինի կերպով ձեռք բերված և այդտեղ պահված, ռազմամթերք հանդիսացող 8 հատ ձեռքի մարտական նռնակներից վեցը, յուրաքանչյուրն իր մոտ պահելով 2 մարտական նռնակ, իսկ Վ.Գ.-ն՝ նաև սառը զենք հանդիսացող շեղբավոր որսորդական դանակներ, իրենց վերոգրյալ հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, շարժվել են դեպի Երևան քաղաքի Բորյան 1 հասցեում գտնվող ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին:

Ճանապարհին՝ Նանսեն և Բորյան փողոցների խաչմերուկում, պարեկային ծառայողները, նկատելով կասկածելի և տարօրինակ վարքագծով դեպի ոստիկանության Նոր Նորքի բաժին քայլող վերոհիշյալ անձանց, ժամը 16:55-ի սահմաններում մոտեցել են վերջիններիս և փորձել են պարզել նրանց վարքագծի պատճառը, որից անմիջապես հետո նշված անձինք, ցուցադրելով իրենց մոտ գտնվող նռնակները, սպառնացել են պայթեցնել դրանք՝ պահանջելով չմոտենալ:

Այնուհետև, շարունակելով իրենց հանցավոր գործունեությունը, վերոգրյալ նռնակները ցուցադրաբար ձեռքերում պահած մուտք են գործել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք և սպառնալով պայթեցնել նռնակները՝ հերթապահ մասում ծառայություն իրականացնող ոստիկաններին հարկադրել են բացել հերթապահ մասի դուռը, իրենց հանձնել բաժնում պահվող ծառայողական զենքերը, ազատ արձակել իրենց համախոհներին և դուրս գալ վարչական շենքից:

Ոստիկանության աշխատակիցները հրաժարվել են կատարել պահանջները, փորձել են հանդարտեցնել վերջիններիս։ Սակայն նրանք շարունակել են նռնակները պայթեցնելու սպառնալիքներ հնչեցնելով պնդել իրենց հակաօրինական պահանջները, քաշքշել ոստիկանության ծառայողներին, որի ընթացքում Ա.Մ.-ն գետնին է նետել նախապես մարտական վիճակի բերված «Ֆ-1» տեսակի նռնակը։ Դրա հետևանքով Վ.Գ.-ն և Ա.Մ.-ն ստացել են պայթյունաբեկորային ծանր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել են բժշկական կենտրոն, ինչպես նաև վտանգվել է ոստիկանության բաժնի ծառայողներին կյանքն ու առողջությունը, վնասվել են վարչական շենքի մուտքի դուռը, հերթապահ մասի պատուհանների ապակիները, պատերը, առաստաղը և այդ հատվածում գտնվող գույքը՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Շարունակելով հանցավոր գործունեությունը և փորձելով ավարտին հասցնել հանցավոր մտադրությունը՝ Ս.Հ.-ն, վերցրել է նաև Ա.Մ.-ի և Վ.Գ.-ի մոտ առկա նռնակները, և պնդելով վերոգրյալ հակաօրինական պահանջները, շուրջ 2 ժամ նռնակները ձեռքերում պահած սպառնացել է պայթեցնել ոստիկանության բաժնի վարչական շենքը, որից հետո վնասազերծվել և զինաթափվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից:

Զինաթափման արդյունքում վերջինիս մոտ հայտնաբերվել են երկու հատ Մ52Պ3, մեկ հատՖ-1 և մեկ հատ Մ75 տեսակի ձեռքի մարտական նռնակներ իրենց պայթուցիչներով:

Նախաքննության ընթացքում նկուղային հարկում գտնվող վերոհիշյալ գրասենյակում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են հանցավոր արարք կատարած հիշյալ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք բերված, ռազմամթերք հանդիսացող երկու հատ Ֆ-1 տեսակի մարտական ձեռքի նռնակ, ինչպես նաև՝ Մ75 և ՈՒԶՌԳՄ-2 տեսակի ձեռքի նռնակի մարտական պայթուցիչ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Վ.Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 334-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Ա.Մ.-ին և Ս.Հ.-ին՝ 308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

ՀՀ ՆԳՆ-ին պատճառված գույքային վնասի հատուցումն ապահովելու նպատակով 1.729.500 ՀՀ դրամի չափով արգելադրվել է Վ.Գ.-ին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ մարտի 24-ին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ, որտեղ հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, հիմնականում՝ «Մարտական եղբայրության» անդամներ, որոնք պահանջում էին, որ ոստիկանները ազատ արձակեն իրենց համակիրներին:

 

418