ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության մշտական հանձնաժողովի անդամ, հանրապետական Դեվին Նյունեսը կոչ է արել Թրամփի վարչակազմին՝ արգելափակել Թուրքիային ամերիկյան զենքի վաճառքը և դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին՝ հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

 

Կոնգրեսական Նյունեսը նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռ. Քլարկ Քուփերին, որը Թրամփի վարչակազմի կողմից վերահսկում է ԱՄՆ ռազմական օգնությունը, զենքի վաճառքը և զենքի արտահանումը: Նամակում կոնգրեսականը կոչ է անում ԱՄՆ կառավարությանը հայտարարել, որ «արգելափակում է ցանկացած նոր, քննարկման ենթակա կամ արդեն քննարկման փուլում գտնվող հայցերը, որոնք վերաբերում են ԱՄՆ ռազմական սարքավորումների վաճառքին կամ փոխանցումներին Թուրքիա կամ ցանկացած այլ երկիր, որոնք այդ սարքավորումներն ու տեխնոլոգիաները երրորդ կողմերի միջոցով կարող են փոխանցել Ադրբեջանի կառավարությանը»:

 

«Պետդեպարտամենտը չի գործում, երբ խոսքը վերաբերում է Թուրքիային ու Ադրբեջանին ռազմական արտադրանքի վաճառքի արգելքին»,- ասել է ANCA-ի նախագահ Րաֆֆի Համբարյանը, որը վերջերս Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում հանդիպել էր կոնգրեսական Նյունեսի հետ:

 

«Մենք մտադիր ենք աշխատել կոնգրեսական Նյունեսի հետ, որպեսզի համոզվենք, որ Պետդեպարտամենտը անհապաղ համապատասխան քայլեր կձեռնարկի՝ կապված Թուրքիային և Ադրբեջանին ԱՄՆ ռազմական տեխնիկայի վաճառքի հետ՝ ներառյալ անօդաչու սարքերի բարդ մասերը»,- ավելացրել է նա:

 

Հետևելով Նիդեռլանդների կողմից այս շաբաթ ընդունված պատժամիջոցների օրինակին՝ ANCA-ն ցանկանում է խրախուսել ԱՄՆ վարչակազմին՝ Մագնիստկու պատժամիջոցները կիրառելու Թուրքիայում՝ Էրդողանի, Ադրբեջանում՝ Ալիևի կառավարությունների բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ՝ ելնելով Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում մարդու իրավունքների լուրջ խախտումների համար նրանց պատասխանատվությունից:

 

ANCA-ի նպատակային քարոզչության արդյունքում ԱՄՆ մի շարք ընկերություններ հրապարակավ հայտարարեցին, որ դադարեցնում, կասեցնում և (կամ) հետաքննում են իրենց ապրանքների, ծառայությունների կամ տեխնոլոգիաների վաճառքը Թուրքիային և Ադրբեջանին, քանի որ բացահայտվել է, որ իրենցից գնված զենքի մասերն Ադրբեջանն օգտագործել է հայերին սպանելու համար: Այդ ֆիրմաների թվում են Garmin-ը, Xilinx-ը, Trimble-ը, Beringer-ը և ViaSat-ը:

 

Հեղինակ` Մարիամ Մխիթարյան

 

1lurer.am

213