Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Համացանցում ակտիվ քննարկվում և քննադատվում է Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանի՝ մոնոներկայացումից հայտնված կադրը, որտեղ վերջինս հումորով ծաղր ու ծանակի է ենթարկում Հայաստանի քարտեզը՝ այն ներկայացնելով առանց Սյունիքի մարզի:

4000-20,000 դրամ արժեցող «Պետական գաղտնիք» կոչվող մոնոներկայացման վերոնշյալ դրվագը օգտատերերը համարում են անարգանք Հայաստանի պետականության և ժողովրդի նկատմամբ՝ միաժամանակ ընդգծելով, որ Մարությանն այս կերպ նպաստում է ադրբեջանական պրոպագանդիստական թեզերի տարածմանը՝ դառնալով այդ երկրի «խոսնակը»:

Նրանց խոսքով՝ նման զգայուն հարցերը չի կարելի դարձնել հումորի և երգիծանքի առարկա՝ դրանով հարված հասցնելով երկրին և սեփական ժողովրդին:

«Հանրապետություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու համանուն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Մարությանի մոնոներկայացմանը և մասնավորապես տարածվող կադրին, կարծիք է հայտնում, որ Մարությանը որպես դերասան այլևս գոյություն չունի, և իր  մոնոներկայացումներին քաղաքական ենթատեքստեր է հաղորդում, որ լսարան հավաքի:

«Երեք տարի քաղաքապետարանում և քաղաքական դաշտում լինելով ծաղրի առարկա՝ այժմ որոշել է ծաղրել Հայաստանը, որպեսզի ուրախացնի իր քաղաքական տերերին։ Սակայն որպես դերասան էլ նա վերացած է»,- ասում է Խաչատրյանը:

Վերջինս համոզված է, որ Մարությանը մոնոներկայացումների սցենարները կազմում է իր քաղաքական առաջնորդների պատվերներով, հետևաբար պատահական չէ քարտեզի՝ առանց Սյունիք ցուցադրությունը։

«Քարտեզի հատվածը ակնհայտ է դարձնում, որ ամեն ինչ քաղաքական իր տերերի պատվերով է անում, որոնք երազում են Հայաստանը տեսնել առանց Սյունիք, Միութենական պետության կազմում։ Նաև ապացուցում է այն խոսակցությունը, որը շրջանառվում էր իր՝ քաղաքապետի պաշտոնում եղած ժամանակ, թե ում հետ է ինքը փոխկապակցված։ Կոմիկ դերասանի համար չկա Հայաստան, իր հայրենիքը իր կնոջ ծագման երկիրն է (Չեխիան), որովհետև իր ամբողջ կապիտալն այնտեղ է հավաքում»,- նշում է նա։

Անդրադառնալով հատկապես այն հանգամանքին, որ Ադրբեջանը կարող է օգտվել այս առիթից՝ Խաչատրյանը նկատում է՝ Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերի համար միևնույն է՝ ինչ հետևանքներ կունենան այդպիսի հայտարարությունները:

Միաժամանակ Խաչատրյանն այն համոզմանն է, որ Հայկ Մարությանի Սթենդ-ափ ներկայացումներում հնչող մտքերը որևէ ազդեցություն չեն կարող ունենալ հայ հասարակության վրա, որովհետև նա այլևս որևէ կերպարով չի ընկալվում ժողովրդի շրջանում․ «Նա «Սուպեր մամայի» կերպարից այն կողմ ոչինչ չի կարող անել։ Լավագույն դեպքում կգնա վաստակած թոշակի»։

Անդրադառնալով դիտարկմանը, որ Մարությանը մշտապես հերքում է, թե ինքը որևէ ուժի հետ համագործակցում է կամ գործում որևէ մեկի թելադրանքով՝ «Հանրապետություն» կուսակցության անդամն ասում է՝ «Մարությանը նույնիսկ իր սեփական տանը ինքնուրույն չէ»։

«Պարզ է, որ նա կապ ունի ցանկացածի հետ, Գալստանյանի ու նրա տերերի շարքից էլ է, որոնք վարվում են հենց այդպես․ Մարությաններ ու սրբազաններ են դաշտ դուրս բերում, փչացնում, վերացնում։ Հիմա երկուսն էլ՝ թե՛ Մարությանը, թե՛ Գալստանյանը, փչացածների շարքում են։ Մարությանը կորցրել է իր կերակրատաշտը ու պայքարում է ոչ թե Հայաստանի համար, այլ սեփական աթոռը վերադարձնելու։ Իսկ քաղաքական այլ ուժերի հետ չմիավորվելու հարցը բարձրաձայնում է առաջինը, քանի որ գիտի, որ իր հետ ոչ մի ուժ չի համագործակցի»,- տեսակետ է հայտնում նա:

975