Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը Ղրղզստանի Հանրապետությունում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի 31-րդ նիստին, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի հարկային մարմինների պատվիրակությունները՝ մարմինների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ։
Նիստի գլխավոր թեման եղել է «ԱԱՀ-ի վարչարարության թվային լուծումներ՝ վճարման թափանցիկության և վերադարձի հեշտության համար»։ ՊԵԿ նախագահի տեղակալը ներկայացրել է Հայաստանում վերջին տարիների ընթացքում ԱԱՀ վարչարարության թվային լուծումները, վճարման վերադարձի հեշտացման ուղղությունները, հարկային վարչարարության արձանագրված ձեռքբերումները և ապագա ծրագրերը։
Նիստի ընթացքում քննարկվել են նաև համակարգող խորհրդի միջնաժամկետ և տարեկան գործունեության արդյունքները, ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը, խորհրդի առաջիկա անելիքները, ինչպես նաև ընդունվել են մի շարք կազմակերպչական և ծրագրային որոշումներ։ 2025 թվականի համար գլխավոր թեմա է ընտրվել «Ապրանքային հոսքերի վերահսկման համակարգ՝ որպես թափանցիկ առևտուր ապահովելու և ստվերային տնտեսության դեմ պայքարի գործիք»:
Որոշում է կայացվել ԱՊՀ մասնակից պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2025 թվականի երկրորդ կիսամյակում՝ Ռուսաստանի Դաշնությունում: