

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ-ն ունի սահմաններ և դրանք պետք է տեղորոշել և սահմանների փոփոխություններ, ըստ էության, տեղի չեն ունեցել, որովհետև Տավուշի մարզում տեղի է ունեցել սահմանագծի վերականգնում և այն, ինչը վերականգնվել է, դա մեր օրինական սահմանն է, որն ամրագրված է միջազգային փաստաթղթերով։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ի պատասխան «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին:
«Կա սահման գծելու ինստիտուտ և սահման վերականգնելու, որոնք մի քիչ տարբեր են իրավական տեսանկյունից: Որովհետև մի դեպքում, եթե դուք, օրինակ, պնդեք, որ նոր սահման գծենք՝ դա բավական ռիսկային պնդում է: Մեր առջև դրված է սահմանը վերականգնելու՝ այն իրավական հիմքի և հենքի վրա և այն քարտեզների, որոնք իրավական են»,- հավելեց Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ նիստի օրակարգում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։