Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ըստ Մոլդովայում նախագահական ընտրությունների ձայների 98,29 տոկոսի հաշվարկի՝ առաջատարն է գործող նախագահ Մայա Սանդուն, սակայն նրան չի հաջողվել խուսափել երկրորդ փուլից։ Նա հավաքել է ձայների 41,92 տոկոսը։ Երկրորդ տեղում երկրի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն է, որին աջակցում է ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցությունը։ Նրա օգտին քվեարկել է ընտրողների 26,35 տոկոսը։
ԿԸՀ-ն հայտարարել է, որ երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 3-ին։
Ինչ վերաբերում է ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեին, այստեղ ձայները բաշխվել են գրեթե հավասարաչափ․ ձայների 98 տոկոսի հաշվարկով՝ քվեարկությանը մասնակցածների 50,03 տոկոսը կողմ է արտահայտվել ԵՄ անդամակցությանը, 49,97 տոկոսը՝ դեմ։
Նախքան հանրաքվեն իրականացված հարցումները ցույց էին տվել, որ հարցվածների բացահայտ մեծամասնությունը կողմ է ԵՄ ինտեգրմանը։ Ամենայն հավանականությամբ, դա պայմանավորված է նրանով, որ վերջին տվյալները եկել են արտասահմանյան կայքերից, իսկ արտերկրում, հիմնականում Եվրոպայում ապրող Մոլդովայի քաղաքացիները աջակցում են երկրի շարժմանը դեպի միասնական Եվրոպա:
Ըստ այս հանրաքվեի՝ նախատեսվում էր Սահմանադրությամբ ամրագրել Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը: