Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր խորհրդարանը շարունակեց հոկտեմբերի 22-ին մեկնարկած նիստի աշխատանքները:
Քվեարկության դրվեցին և առաջին ու երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին մի շարք նախագծեր և սահմանադրական օրենքներ, այդ թվում՝ Կառավարության ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, Պետական տուրքի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և ՀՀ վարչական դատավարության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը (առաջին ընթերցում):
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև Կառավարության ներկայացրած՝ «Ոստիկանության գվարդիայի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծի ընդունմանը կողմ քվեարկեց 65, դեմ՝ 28 պատգամավոր։
Հիշեցնենք՝ «Ոստիկանության գվարդիայի մասին» և կից մի շարք օրենքներում նոր կարգավորումներ նախատեսող օրենսդրական փաթեթում առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում կատարվել էին մի շարք փոփոխություններ:
Ոստիկանության գվարդիայի ձևավորման համար օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվել 2025 թվականի նոյեմբերի մեկը: Մինչ այդ օրենսդրական որոշ կարգավորումներ ուժի մեջ կմտնեն ենթաօրենսդրական դաշտը նոր կարգավորումներին ներդաշնակեցնելու համար:
Փոխնախարար Արփինե Սարգսյանը խորհրդարանում ելույթ ունենալիս նշել էր՝ առաջին անգամ Հայաստանում կարգավորվելու են ուժային միջոցների գործադրման չափորոշչի ներմուծման հետ կապված հարցերը:
2025 թվականի նոյեմբերի 1-ից ուժը կորցրած կճանաչվի «Ոստիկանության զորքերի մասին» 1997 թվականին ընդունված օրենքը:
Փոփոխություն է կատարվել ռազմական դրության ժամանակ ոստիկանության գվարդիայի առջև դրվող խնդիրների մասով. անհրաժեշտության դեպքում ոստիկանության գվարդիան ռազմական դրություն հայտարարված տարածքում իրականացվող պատերազմական գործողությունների շրջանակում հատուկ առաջադրանքներ ևս կարող է ստանալ ու կատարել:
Նշվել է, որ պահպանվել է հրամանատարական այն շղթան, ինչը ոստիկանության տարբեր կառուցվածքային միավորների շրջանակում է: