Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ընտրությունները Վրաստանում անցել են բևեռացված միջավայրում, առանց հավասարությունն ու թափանցիկությունը հաշվի առնելու, հայտարարել է Ընտրությունների հսկողության կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) դիտորդական առաքելության ղեկավար Զլատկո Վույովիչը, հաղորդում է NewsGeorgia-ն։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին հետևել է կազմակերպության 88 ներկայացուցիչ։
Ըստ ENEMO-ի, հայտնաբերված խախտումները «էապես խախտել են ընտրական գործընթացի ժողովրդավարական բնույթը»։
«Բացահայտվել են ակնհայտ բռնություններ ընդդիմության նկատմամբ, ինչպես նաև վարչական ռեսուրսի չարաշահում, ճնշում է գործադրվել քաղաքացիական հասարակության և լրագրողների վրա։ ENEMO-ն ցավում է ԿԸՀ-ի անկախության և անաչառության համար»,- ասել է Վույովիչը։
Սա օտարերկրյա դիտորդների առաջին ամփոփիչ գնահատականն է։ Ընտրություններին հետևելու համար հավատարմագրվել էր ընդհանուր առմամբ 64 միջազգային առաքելություն։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավելի վաղ հրապարակել էր տվյալներ, ըստ որոնց՝ «Վրացական երազանքը» 2012 թվականից սկսած չորրորդ անգամ հաղթել է հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով ձայների ավելի քան 54 տոկոսը։
Ընդդիմությունը հայտարարել է կեղծիքների և ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին։ Քննադատական կարծիքներ են ներկայացրել նաև տեղական վերահսկող կազմակերպությունները:
Չորս ընդդիմադիր միավորումներ հաղթահարել են ընտրական շեմը՝ ընդհանուր 37,3%-ով։ Դրանք են՝ «Հանուն փոփոխությունների կոալիցիան», «Միասնություն՝ հանուն Վրաստանի փրկության», «Ուժեղ Վրաստան» և նախկին վարչապետ Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունը։
Նրանք բոլորը Գործողությունների խարտիայի մասնակիցներ են, որով պարտավորվել են Վրաստանը վերադարձնել բարեփոխումների ուղի և վերականգնել ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունները։ Այս պահին նրանք բոլորը հրաժարվում են ճանաչել ընտրությունների ԿԸՀ-ի հրապարակած արդյունքները։