Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ինչպես հայտնի է՝ նոյեմբերի 11-22-ը Բաքուն կհյուրընկալի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29»), որի անցկացմանը դեռ նախորդ տարի դեկտեմբերին, որպես բարի կամքի քայլ, Հայաստանը իր աջակցությունն էր հայտնել այն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին՝ Բաքվին փոխանցելով 2 ադրբեջանցու, իսկ Ադրբեջանն ազատ էր արձակել 32 հայ գերիների ու իր աջակցությունն էր հայտնել Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված Հայաստանի թեկնածությանը:

Հայաստանի որոշումը՝ կմասնակցի՞ կոնֆերանսին՝ դեռ հայտնի չէ։ Համենայն դեպս, երեկ Ազգային ժողովում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնեց, որ COP 29-ի գագաթնաժողովին Երևանի մասնակցությունը հաստատված չէ։

Գագաթնաժողովին մասնակցելուն «դեմ» ճամբարում, ըստ էության, խորհրդարանական ընդդիմությունն է, որը դաշնակ Իշխան Սաղաթելյանի բերանով հայտարարել է, որ ՀՀ-ն չի կարող մասնակցել Ալիևի նախաձեռնած միջազգային շոուին, եթե Բաքվում գերիներ ունենք։

Սաղաթելյանի այս պահանջը տրամաբանական կլիներ, եթե իսկապես անտեսված լիներ գերիների հարցը, բայց ինչպես միշտ՝ ՀՅԴ-ն պղտոր ջրում ձուկ է որսում. իշխանությունները բազմիցս են հայտարարել՝ գերիների հարցը միշտ է իրենց ուշադրության կենտրոնում և ամենօրյա աշխատանք է տարվում նրանց հետ բերելու ուղղությամբ, ու ինչպես վերը նշեցինք՝ համաժողովի անցկացման դիմաց Բաքուն արդեն ազատ էր արձակել 32 հայ գերիների։ Ավելին՝ վարչապետը նաև հայտարարել էր՝ «COP-29-ը լավ առիթ է, որ մենք ուշադրություն կենտրոնացնենք նաև մեր տարածաշրջանում առկա հրատապ բոլոր խնդիրներին՝ խաղաղության գործընթացին, տարածաշրջանի կայունացման և զարգացման հարցերին»։

Իսկ հանրության աչքից տևական ժամանակ բացակայող Սաղաթելյանը, ասես անտեղյակ շուրջը կատարվող իրականությունից, շարունակել է՝ մասնակցության դեպքում Հայաստանը պետք է պահանջ ներկայացնի Բաքվին՝ դուրս բերել ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքը։

Կրկին՝ դաշնակ պատգամավորի պահանջը տրամաբանական կլիներ, եթե չլիներ սահմանազատման գործընթացը, որում ակնհայտորեն դրական տեղաշարժ կա՝ հաշվի առնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը այս օրերին վավերացրեցին սահմանազատման կանոնակարգը, և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ու ԱԱԾ տնօրենը վստահություն հայտնեցին, որ սահմանազատման շրջանակներում նախատեսվում է ՀՀ ինքնիշխան տարածքի վերականգնում, ինչը ենթադրում է զորքի հետքաշում, և այս գործընթացի համար բավականին ժամանակ է պետք, քանի որ սահմանազատումը ենթադրում է բարդ ու անշեղորեն իրականացվող պրոցես։


Եվ այսօր էլ հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են իրենց պետությունների կողմից՝ Կանոնակարգի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի իրականացման մասին ծանուցումներով:

Վերջում, չցանկանալով, որ իր այս ճառը բացառություն դիտվի և տարբերվի իրենց մի քանի հոգանոց հանրահավանքներում գոռացած ելույթներից՝ Սաղաթելյանը քաջատեղյակ լինելով, թե որքան նուրբ է Արցախի կորուստը ժողովրդի համար, որպես պահանջ է ձևակերպել նաև Արցախի հարցը և տեղի ունեցած էթնիկ զտումը, առանց կոնկրետացնելու, թե ինչ պահանջ պետք է Բաքվում Երևանը ձևակերպի, քանի որ ինքն էլ չի պատկերացնում, թե ՄԱԿ-ի Կլիմայի համաժողովի շրջանակում ինչպես է Հայաստանը վերոնշյալ հարցերը քաղաքական օրակարգ բերելու, չէ՞ որ հենց այդ կառույցն ու անդամ պետություններից ոչ մեկը՝ այդ թվում ՀՀ-ն, երբեք կասկածի տակ չեն դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և չեն ճանաչել Արցախի անկախոթյունը։


Սակայն զարմանալու ոչինչ չկա՝ ՀՅԴ-ն պաթոսի ու պոռոտախոսության հարցում միշտ էլ ինքն իրեն գերազանցում է, գագաթնակետը իրենց վարչապետի թեկնածու Բագրատ Գալաստանյանի փառահեղ մտքերն էին, որոնցից դաշնակի 134-ամյա «փափախի հոտ է գալիս» և տեղին է ասել՝ վերջիններս «յոթ երգ գիտեն՝ յոթն էլ մեղրի մասին»։

Գեղամ Ադյան

865