Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երեկ՝ նոյեմբերի 4-ին, կրկնակի վրաերթի դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի տարածքում՝ Մանուշյան փողոցում, «BMW» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, որը շպրտվել է և կրկնակի վրաերթի ենթարկվել «Opel» մակնիշի ավտոմեքենայի կողմից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդները դեպքի վայրից փախուստի չեն դիմել և օգնել են օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներին տեղում ցուցաբերել բժշկական օգնություն, իսկ «BMW»-ի վարորդը շտապօգնություն ավտոմեքենայով վիրավորի հետ մեկնել է նաև «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Սամվել Երեմյանի գլխավորությամբ։

Նույն վաշտի ավագ պարեկ Հովհաննես Խլղաթյանն ու պարեկ Վաչագան Բաղդասարյանը սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն։ 

Դեպքի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական  բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

202