Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ոչ պաշտոնապես, բայց արդեն հայտնի է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների 47-րդ նախագահն է հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը։

Թրամփի նկատմամբ հայ հանրության և քաղաքական լայն շրջանակներում կա որոշակի բացասական ընկալում և սպասումներ՝ հաշվի առնելով, որ 44-օրյա պատերազմի ընթացքում նրա վարչակազմը չկարողացավ կամ չուզեց կանխել ստատուս քվոյի փոփոխությունը հօգուտ  Ադրբեջանի։

Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ պատերազմը համընկավ Նահանգների հետընտրական փուլի՝ իշխանությունը դեմոկրատներին փոխանցելու ժամանակահատվածի հետ։

Դոնալդ Թրամփի վարչակազմը՝ հայ-ամերիկյան հարաբերությունների մասին

Դեռ 2018թ.-ին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից օրեր անց նախագահ Թրամփը ուղերձ էր հղել Նիկոլ Փաշինյանին՝ շնորհավորելով վարչապետ ընտրվելու կապակցությամբ։

«Անհամբերությամբ եմ սպասում մեր համագործակցությանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ բնագավառներում, այդ թվում` առևտրի, ժողովրդավարական ինստիտուտների և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ոլորտներում․ առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարում, քաղաքական բոլոր ուժերի համախմբումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստեն այդ ջանքերին և կերաշխավորեն Հայաստանի պայծառ ապագան: Լավագույն մաղթանքներս Ձեզ և հայ ժողովրդին», - գրել էր նա։

Թրամփի վարչակազմի ու Հայաստանի նոր իշխանությունների համատեղ աշխատանքը չնայած կարճ տևեց՝ այնուամենայնիվ այն նորություն էր հայ-ամերիկյան հարաբերություններում և նշանավորվեց ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Հայաստան կատարած այցով ու ուշագրավ ուղերձներով։

Ըստ Բոլթոնի՝ ԱՄՆ-ի համար Վրաստանն ունի «բարձրագույն ռազմավարական կարևորություն», Ադրբեջանի հետ ԱՄՆ հարաբերություններն ունեն «ռազմավարական կարևորություն», իսկ Հայաստանի հետ հարաբերությունները «բարձր առաջնահերթություն» են:

Բոլթոնը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անհնար էր համարել ամերիկյան զենքի վաճառքը Հայաստանին՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, սակայն նա ասել էր, որ դիտարկում են բացառություններ ու Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում հայտնել, որ պետք է ընտրություն կատարել ամերիկյան ու ռուսական զինտեխնիկայի միջև։ Բայց, այնուամենայնիվ, Բոլթոնը Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու նպատակով կողմ էր նաև Ադրբեջանին զինտեխնիկա վաճառելուն, չնայած «Ազատության աջակցման ակտ»-ի 907-րդ բանաձևը ԱՄՆ կառավարությանը արգելում էր որևէ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, բայց այն շրջանցել էին նախկին նախագահներ Բուշը և Օբաման։

Իրանի նկատմամբ կոշտ քաղաքականություն

Թրամփի վարչակազմը ինչպես նախկինում՝ հիմա էլ հանդես է գալիս Իրանի նկատմամբ կոշտ պատժամիջոցներ կիրառելու և Իսրայելին մեծ օժանդակություն ցուցաբերելու օգտին․ հիշեցնենք, որ հենց նրա կառավարման տարիներին էր, որ Թրամփը ԱՄՆ-ն դուրս բերեց Իրանի միջուկային համաձայնագրից, ինչը շատ փորձագետների կարծիքով հակառակ էֆեկտ ունեցավ ու Իրանի ձեռքերն ազատեց միջուկային ծրագրի իրագործման հարցում։

Եվ քաղաքագետների կարծիքով՝ Բոլթոնի այցը Հվ․ Կովկաս ավելի շատ հակաիրանական բնույթ էր կրում և հատկապես, երբ նա հայտարարել էր, որ «Իրանի հետ սահմանը լուրջ խնդիր կլինի», քանի որ ցանկանում են սեղմել Իրանի շուրջ օղակը․ «Ինչպես ես բացատրեցի վարչապետին, մենք ցանկանում ենք առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ, քանի որ այն չի հրաժարվել միջուկային զենք ստեղծելու ջանքերից», - ասել էր Բոլթոնը։

Ղարաբաղյան 44-օրյա պատերազմ․ Թրամփի դիրքորոշումը ներկայումս

Պատերազմի ընթացքը, ինչպես արդեն նշեցինք՝ համընկավ ԱՄՆ ընտրությունների շրջանի հետ․ այդ ընթացքում Թրամփի միջնորդությամբ ձեռք էր բերվել հրադադարի պայմանավորվածություն, ինչը չէր կայացել, որից հետո Նահանգներն առաջարկել էր ղարաբաղյան հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել։

«Երեք հրադադարի պայմանավորվածությունները չեն իրականացել։ Ցավոք, դժվար է պատկերացնել հրադադարի երկարատև պահպանումը, եթե դրանում ներգրավված չեն բազմազգ խաղաղապահ ուժեր կամ դիտորդներ։ Իհարկե, ցանկացած խաղաղապահ առաքելություն չպետք է լինի Մինսկի խմբից, այդ թվում` համանախագահ երկրներից, ներառյալ ԱՄՆ-ից և հարևան երկրներից։ Թուրքիայի ցանկացած միջնորդություն կամ խաղաղապահ առաքելություն ընդունելի չէ ԱՄՆ-ի, ինչպես նաև Հայաստանի համար։ Մենք կարծում ենք, որ երկու կողմն էլ պետք է ընդունի սկանդինավյան խաղաղապահների գաղափարը, և մենք աշխատում ենք սկանդինավյան կառավարությունների հետ՝ ձևավորելու խաղաղապահ ուժեր, որոնք կարող են տեղակայվել տարածաշրջանում՝ հրադադարը պահպանելու համար», - նշել էր  Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՚Բրայանը։

Այս ընթացքում Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմը և էթնիկ զտումները Թրամփն օգտագործեց Հարիսի դեմ, հայտարարելով, որ վերջինս ոչինչ չարեց, երբ 120 հազար հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից․ «Երբ ես դառնամ նախագահ, կպաշտպանեմ հետապնդման ենթարկվող քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումը, մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև»,- գրել էր նա։

Արդեն այսօր, երբ Թրամփը կրկին նախագահ է՝ հայտարարում է, որ դադարեցնելու է աշխարհում ընթացող պատերազմները՝ նույնիսկ նախքան պաշտոնը ստանձնելը, սակայն ինչ գնով ու ում օգտին՝ այդպես էլ չի բացահայտում․ «Ես պատերազմներ չեմ սկսելու, այլ դադարեցնելու եմ դրանք»,- իր ելույթում շեշտել է Թրամփը։

1090