Կորոնավիրուսով վարակվածների թիվը  օրեցօր պակասում է: Նախարար Արսեն Թորոսյանը ասել էր՝  ունենք կայուն անկում, որը պիտի պահպանել, զգոնությունը չկորցնել:

Կառավարությունը վարակի «ողնաշարը» ամբողջությամբ ջարդելու նպատակով եւս մեկ ամսով երկարաձգեց արտակարգ դրությունը, հորդորեց քաղաքացիներին շարունակել դիմակ կրել, իրավապահներին էլ՝ շարունակել ստուգումները պարետի ցուցումները պահելու համար: 

Կորոնավիրուսով վարակվելը հիմնականում  հայտնաբերվում է բժշկական կենտրոններում: 

Իսկ արդյոք ճիշտ է դեղատնից գնած կորոնավիրուսի թեստով ստուգել վարակված լինելը: Վարակի «պիկին»՝ ապրիլ-մայիս ամիսներին, համացանցում որոշ դեղատներ  գովազդում էին կորոնավիրուսի ռուսական, չինական թեստեր: Ավելին՝ մինչ օրս դեղատնային մեծ ցանցերից մեկում  վաճառվում է կորոնավիրուսի թեստ 17.200 դրամով: 

Բժիշկ-համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանը Araratnews.am-ի թղթակցին ասաց՝ ցանկալի է, որ քաղաքացիները  կորոնավիրուսով վարակվելը ստուգեն բժշկական կենտրոններում:

«Գոյություն ունի թեստերի  զգայունություն, սպեցիֆիկություն: Չեմ կարող ասել՝ այս երկու ցուցանիշը որքանով են պահպանված թեստերում: Տնային պայմաններում թեստ անել եւ դրա վրա հիմնվել ու եզրակացություն անել՝ սխալ է, քանի որ հակամարմինների վերաբերյալ թեստերը դեռ չեն հետազոտվել»,- ասաց մասնագետը: 

Բժիշկը խորհուրդ է տալիս քաղաքացիներին դիմել բժշկի,  ցուցում ստանալ կորոնավիրուսի թեստ հանձնելու համար:

Առողջապահության նախարարություն գրավոր հարցում էինք ուղարկել՝  պարզելու, թե մարտի 16-ից  կորոնավիրուսի քանի՞ թեստ է ներմուծվել Հայաստան, ի՞նչ արժեքով, ովքե՞ր են ներմուծողները, ցանկացած քաղաքացի կամ ձեռնարկատեր կարո՞ղ է թեստեր ներմուծել, արդյոք դրանք մինչ դեղատներում վաճառելը որոշակի ստուգումների, որոշակի չափորոշիչների ենթարկվո՞ւմ են: Քաղաքացին ինչպե՞ս կողմնորոշվի, որ թեստը գնի` կորոնավիրուսով վարակված-չվարակված լինելը ճշգրտորեն իմանալու համար:

Ի պատասխան՝ նախարարությունը տեղեկացնում է՝ բժշկական արտադրատեսակները չեն գրանցվում և ներմուծվելիս հավաստագիր չեն ստանում: Թեստերի ներմուծման, արժեքի և ներմուծողների վերաբերյալ տեղեկությունների տնօրինողը ՀՀ կառավարությունն է:

2020 թ-ի հունիսի մեկի դրությամբ  ՀՀ առողջապահության նախարարությունը ստացել է 174700 ՊՇՌ թեստ Ռուսաստանի Դաշնությունից, Չինաստանից, Բելգիայից, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից և Լեհաստանից:

Ինչ վերաբերում է ճշգրիտ թեստերին կամ դրանց ընտրությանը, նախարարության պատասխանից տեղեկանում ենք՝  Հայաստանում  կորոնավիրուսային հիվանդության լաբորատոր հետազոտություններն ու նմուշառումն իրականացվում են առողջապահության նախարարի համապատասխան հրամանի համաձայն, իսկ հետազոտությունները` ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ցուցումներով:  

 

Սոնա Դավթյան

 

 

1406