Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքի Ծովինար բնակավայրը ներդրված սուբվենցիոն ծրագրերով նոր շունչ է ստացել։ Համայնքը ոչ միայն փոխվել է արտաքնապես, այլև բնակիչների համար բացվել են նոր աշխատատեղեր։
Ծովինարի վարչական ղեկավար Արթուր Կարապետյանը Araratnews.am-ի հետ զրույցում նշեց, որ գյուղում այս պահի դրությամբ իրականացվում են շինարարական աշխատանքներ, մասնավորապես՝ գյուղի կենտրոնում կառուցվում է պուրակ, ապագայում նախատեսվում է միջնակարգ դպրոցի երկու մասնաշենքերի և ֆուտբոլի մարզադաշտի վերակառուցում ժամանակակից չափանիշներով։ Վերակառուցումը նախատեսվում է իրականացնել 2025-2028 թվականներին։
«2019 թվականից առ այսօր Ծովինար գյուղում իրականացվում են մի շարք սուբվենցիոն ծրագրեր` կապիտալ վերանորոգվել է մսուր-մանկապարտեզը, մշակույթի կենտրոնի շենքը, իրականացվել է միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում, ինչպես նաև գյուղի փողոցների երթևեկելի հատվածների ասֆալտապատում, կառուցվել և դեռևս շարունակվում են կառուցվել ներհամայնքային փողոցների լուսավորության համակարգերը, կառուցվում են խմելու նոր ջրագծեր և կապտաժներ, ինչպես նաև վերանորոգվել և կառուցվում են ոռոգման ջրատարների համակարգերը»,- ասաց Կարապետյանը։ Համայնքապետն առանձնացրեց գյուղում առկա խնդիրները՝ հույս հայտնելով, որ դրանց հնարավորինս լուծում կտրվի. «Ժողովրդի հիմնական պահանջը հանդամիջի` սար գնալու ճանապարհի վերանորոգումն է»։
Պարոն Կարապետյան, ժամանակին Ծովինար համայնքի բնակիչները մեկնում էին արտերկիր արտագնա աշխատանքի, այնուհետ արդեն ընտանիքներով արտագաղթում։ Ինչո՞վ էր դա պայմանավորված։ Կխնդրեմ, ասեք, ներկայիս դրությամբ տարեկան արտագաղթի թիվը որքա՞ն է կազմում։
Ժամանակին հիմնականում տղամարդիկ գյուղում աշխատանք չունենալու պատճառով էին մեկնում ՌԴ արտագնա աշխատանքի, իսկ հետագայում արդեն ընտանիքներով էին տեղափոխվում մշտական բնակության։ Իսկ հիմա որ արդեն աշխատատեղեր կան, արտահոսքը շատ քիչ է։ Ի ուրախություն մեզ՝ ներկայիս դրությամբ արտահոսք որպես այդպիսին չկա, տարվա կտրվածքով գյուղը լքում է մեկ կամ երկու ընտանիք՝ մաքսիմում։ Նշեմ, որ գյուղի երիտասարդության 50 տոկոսը, ովքեր, ես հստակ գիտեի, գնում են արտագնա աշխատանքի, այս տարի մնացել են և աշխատում են գյուղում կամ Հայաստանի այլ տարածաշրջաններում։
Որքա՞ն աշխատավարձ են ստանում գյուղում աշխատողները
Աշխատավարձերի չափը կախված է աշխատատեղերից` շինարարական կառույցներում աշխատավարձի նվազագույնը սկսվում է 300.000 ՀՀ դրամից և բարձր։ Իսկ պետական կառույցներում բնականաբար ցածր է աշխատավարձը։
Համայնքապետարանը բնակիչներին ինչո՞վ է շահագրգռում, որ ցանկության դեպքում նույնիսկ Երևան չգնան և մնան-բնակվեն գյուղում։
Համայնքապետարանը շահագրգռված անում է հնարավոր ամեն ինչ՝ բնակչությանը գյուղում պահելու համար։ Մեզ համար լուրջ խնդիրներից մեկը մանկապարտեզ չունենալն էր։ Այս տարի մայիսին վերաբացեցինք տարիներով կանգնած, սակայն չգործող մանկապարտեզը, և հիմա արդեն մանկապարտեզ են հաճախում համայնքի 75 երեխա, որոնցից երկուսը գալիս են հարևան գյուղից։ Իսկ ժամանակին ծնողներն իրենց երեխաներին տանում էին Վարդենիկ գյուղի կամ Մարտունի քաղաքի մանկապարտեզ։ Իհարկե ոչ բոլոր ծնողներն ունեին այդ հնարավորությունը։
Ինչպես նաև ունենք մշակույթի կենտրոն իր խմբակներով` պար, դհոլ, դաշնամուր, նկարչություն, կարատե և ֆուտբոլ։ Երեխաներն արդեն իսկ ունեն զբաղվածություն, որը ևս կանգնեցրել է արտահոսքը։
Մշակույթի պալատում պարի խմբակը գործում է 3 տարի, իսկ մնացած խմբակները՝ մայիս-ապրիլ ամիսներից։ Դհոլի խմբակ հաճախում է մոտ 20 երեխա։ Իհարկե, թիվը տատանվում է, քանի որ երեխաները մի քանի օր հաճախելուց հետո հասկանում են, որ դա իրենցը չի։ Տղա երեխաների մեծ մասն էլ հաճախում է ֆուտբոլի։
Կրթությունը Ծովինարում
Պարոն Կարապետյան, վերջերս բնակիչները բողոքել էին, որ պատրաստվում եք լուծարել «Ծովինար գյուղի տարրական դպրոց ՊՈԱԿ»-ը։ Ի՞նչն էր պատճառը։
Պայմանավորված էր նրանով, որ երեխաների քանակը նվազեց, այդ իսկ պատճառով որոշվեց, որ պետք է փակվի։ Սակայն բնակիչների խնդրանքով հարցին լուծում տալու և բնակիչներին գոհացնելու համար՝ մարզպետի աջակցությամբ դպրոցը չփակվեց։ Արդյունքում տարրական դպրոցում սովորում է 60 աշակերտ և դասավանդում` 20 ուսուցիչ։ Դպրոցում ունենք նաև նախակրթարան։ Այսօր տարրական և միջնակարգ դպրոցներում սովորում է 535 աշակերտ։
Պարոն Կարապետյան, այս տարի առատ կարկուտի պատճառով գյուղացիները տուժել են, բերքը վնասվել է։ Ի՞նչ քայլեր է ձեռնարկել համայնքապետարանն այդ ուղղությամբ։
Ունենք ծրագիր, իհարկե ի շնորհիվ Գեղարքունիքի մարզպետարանի,կառավարությունը հատուկ գումար է հատկացրել վնասված բերքի փոխհատուցման համար, որը մինչև այս տարվա ավարտը կփոխանցվի տուժած բնակիչների հաշվեհամարներին։
Ինչպե՞ս եք որոշել՝ ում որքան գումար է փոխհատուցվելու։
Բնականաբար, կարկուտը եղել է ամբողջ համայնքով։ Այդ իսկ պատճառով բոլոր բնակիչները կփոխհատուցվեն։ Փոխհատուցումը իրականացվելու է ըստ հողատարածքների, այգիների մեծության և փոքրության։Քանի որ երբևէ աղետների հետևանքով փոխհատուցում չի եղել, բնակիչների մեջ հավատ չկար, որ կփոխհատուցվի։ Սակայն համայնքապետարանը, հաշվի առնելով աղետի հետևանքով տուժած բնակիչների բանավոր բողոքները, գումարեց հանձնաժողով, հրավիրեց համապատասխան մասնագետների և սկսեց տուն առ տուն ուսումնասիրություն իրականացնել՝ հասկանալու համար՝ ով որքան է տուժել, ով քանի քառակուսի մետր հողատարածք և այգի ունի, ի՞նչն է կարկտահարվել, ի՞նչ քանակով, և այդ ամենն արձանագրվել է հանձնաժողովի կողմից ու ներկայացվել է մարզպետարան՝ հարցին լուծում տալու համար, ինչի արդյունքում էլ նախաձեռնվեց փոխհատուցման ծրագիրը։
Ի՞նչ է անհրաժեշտ գյուղում ապրելու համար։
Գյուղում ապրելու համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր ընտանիքում առնվազն լինի մեկ աշխատուժ։ Գյուղացու հիմնական աշխատանքը կապված է հողագործության և անասնապահության հետ։ Անասնապահությամբ սկսել են քիչ զբաղվել, կյանքը փոխվել է, մարդիկ ապրելու այլընտրանքային հնարավորություններ ունեն, չեն ուզում ավելորդ տանջվել։ Տեսեք, գյուղում ունենք խոշոր անասնապահ, որը նույնպես աշխատող չլինելու պատճառով սկսել է քչացնել անասուների գլխաքանակը։
Մաքրությունը համայնքում
Մաքրությունը փողոցներում բարվոք վիճակում է։ Կենտրոնական թաղամասում պարբերաբար իրականացվում են մաքրման-լվացման աշխատանքներ։ Ա․Կարապետյանի խոսքերով՝ կար ժամանակ, երբ մտնում էիր գյուղ, մայթերին կտեսնեիր գոմաղբի կույտեր, իսկ հիմա արդեն չես տեսնի, բնակիչների մեջ էլ է մտել, որ տան հարակից տարածքը պետք է մաքուր պահել։ Իսկ ժամանակին աղբը հանում, որտեղ ազատ տարածք էին տեսնում` թափում էին։ «Գյուղը փորձում ենք քիչ-քիչ դարձնել քաղաք։ Ծովինարում մեծ առաջընթաց կա»,- եզրափակելով զրույցը՝ ասաց Ծովինարի վարչական ղեկավար Արթուր Կարապետյանը։
Պատրաստեց Թագուհի Մանուկյանը