Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են ՀՀ ԶՈՒ հավաքականի՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության մասնակից մարզիկները, մարզիչները։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, շնորհավորելով մարզիկներին մարզական հեղինակավոր առաջնությունում պատվավոր տեղեր զբաղեցնելու և Հայաստանի Հանրապետության պատիվը միջազգային հարթակում բարձր պահելու կապակցությամբ, հպարտությամբ ընդգծել է, որ սա ևս մեկ առիթ էր ապացուցելու, որ մեր երկրում պահպանվում են մարզական լավ ավանդույթները:
Սուրեն Պապիկյանի խոսքով` այս մրցաշարը ծառայության համար նոր լիցք հաղորդեց ոչ միայն առաջնության մասնակից մարզիկներին, այլև այն զինծառայողներին, որոնք այժմ մարտական հերթապահություն են իրականացնում:
Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության մասնակից ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամներին շնորհավորել և թիմային լավ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը՝ նշելով, որ ժամկետային զինծառայող մարզիկներն այս մրցաշարում դրսևորել են իրենց ուժը, կամքը և ցույց տվել, որ ինչպես զինված ուժերի տարբեր ուղղություններում, այնպես էլ սպորտում և ֆիզիկական պատրաստության բնագավառում ունենք նշանակալի հաջողություններ։
Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության մասնակից ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամներին պարգևատրել է հուշամեդալներով և նվերներով՝ մաղթելով նորանոր հաջողություններ։
Հիշեցնենք, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությունում ՀՀ ԶՈՒ հավաքականը նվաճել է 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ: