Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի ծառայողների կողմից՝ բաժնի պետ Կարեն Արզումանյանի գլխավորությամբ, իրականացված օպերատիվ հետախուզական աշխատանքների շնորհիվ բացահայտվել է նոյեմբերի 20-ին Վանաձոր քաղաքում տեղի ունեցած գողության դեպքը։ Այդ օրը Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 2 հասցեում գտնվող «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատից գողացել էին շենքի ջեռուցման համակարգերը և ջեռուցման մարտկոցները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքից մեկ օր անց՝ նոյեմբերի 21-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 04։30-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտայի 2 հասցեում գործող «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատի վարչական շենքից ջեռուցման համակարգերի և ջեռուցման մարտկոցների գողությունը կատարել է Լոռու մարզի բնակիչ 14-ամյա Ս․ Վ․-ն։

Նույն օրը վերջինս ոստիկաններին հայտնել է, որ ինքն ու իր ծանոթներ Վանաձոր քաղաքում բնակվող «ղարաբաղցի Ռոմկան»՝ մականունը՝ «Ճուտ», Արոն, Սարոն, Տիկոն և Գեղամը նախորոք պայմանավորվելով, նոյեմբերի 20-ին՝ ժամը 03։30-ի սահմաններում, հանդիպել և Գեղամի մուգ կապույտ գույնի, առանց համարանիշների ավտոմեքենայով գնացել են վերոգրյալ մշակույթի պալատ և այնտեղից գողացել ջեռուցման կաթսաներ և ջեռուցման մարտկոցներ:
 
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ վերոգրյալ անձանց ինքնությունը պարզելու, ինչպես նաև վերջիններիս և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: 

Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

170