Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն ընդունել է Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկված մարդասիրական օժանդակության չվերթն ուղեկցող պատվիրակությանը՝ Ֆրանսիայի՝ Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի գլխավորությամբ:

Քաղաքապետը պատվիրակության անդամներին ծանոթացրել է պատերազմի օրերին եւ հետպատերազմյան շրջանում քաղաքապետարանի ծավալած գործունեությանը, ներկայացրել Էջմիածնում ապաստանած արցախացիների աջակցությանն ուղղված քաղաքապետարանի իրականացրած ծրագրերը:

Հանդիպման ընթացում քաղաքապետ Դիանա Գասպարյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու համար եւ բարձր է գնահատել Ֆրանսիայի ջանքերը՝ Հայաստանին եւ Արցախին միջազգային հարթակներում աջակցելու գործում:

Պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը վերահաստատել է արցախահայությանը շարունակական մարդասիրական աջակցություն ցուցաբերելու Ֆրանսիայի հանձնառությունը եւ շնորհակալություն հայտնել քաղաքապետ Դիանա Գասպարյանին պատվիրակությանն ընդունելու համար:

Պետքարտուղարը եւ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը բարձր են գնահատել արցախահայությանը աջակցելու գործում Էջմիածնի քաղաքապետարանի կատարած աշխատանքը:

Հանդիպման ավարտին կողմերը հետագա համագործակցության շրջանակն ընդլայնելու եւ առավել ամրապնդելու պատրաստակամություն են հայտնել:

Նշենք, որ արցախահայությանը մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու համար պատվիրակությունը Էջմիածնի քաղաքապետարանին է փոխանցել հիգիենայի պարագաների շուրջ 1000 փաթեթ, որոնք առաջիկա օրերին կհատկացվեն Էջմիածնում ապաստանած արցախցիներին:

1108