Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Ես շարունակում եմ հարազատ մնալ իմ թղթին և գրչին»։
Ռուդիկ Բարսեղյանը մարզական լրագրողից զատ նաև այն մարդն է, ով տասնյակ տարիներ շարունակ անդավաճան է մնացել սպորտին, հայրենիքին, ընկերությանը, որն ստեղծվել է աշխատանքի ընթացքում։ Պարոն Բարսեղյանի հետ առաջին անգամ հանդիպել ենք տարիներ առաջ Ծաղկաձորի մարզահամալիրում․ բռնցքամարտի հավաքականի մարզումներն էինք լուսաբանում։ Ծանոթացանք վերադառնալու ժամանակ` մեքենայի մեջ․ մինչև Երևան հասնելը մասնագիտական շատ խորհուրդներով օգնեց։
Ռեժիսորի օգնականից ՀՀ վաստակավոր մարզական լրագրող Ռուդիկ Բարսեղյանն իր ուղին սկսել է դեռևս դպրոցական տարիներից։ Սկզբում աշխատել է որպես ռեժիսորի օգնական, այնուհետև քրտնաջան աշխատանքի արդյունքում կարճ ժամանակահատվածում դարձել է ասիստենտ։ Իր առաջին մարզական նյութը թողարկվել է «Համայնապատկեր» լրատվական ծրագրի սպորտային բլոկում։ Թե ինչպես է ընտրել մարզական լրագրությունը և ինչ ընտրության առաջ է կանգնած եղել, Araratnews.am-ի հետ հարցազրույցում անկեղծացել է կես դարից ավելի աշխատանքային մեծ փորձ ունեցող վաստակավոր մանկավարժների ընտանիքի զավակ, պատմաբան, ՀՀ վաստակավոր լրագրող Ռուդիկ Բարսեղյանը։
Պարոն Բարսեղյան, ավելի քան 50 տարի մարզական աշխարհում եք։ Կպատմե՞ք այն ճանապարհի մասին, որով անցել եք։
Իհարկե (ժպտաց)։ Բարի հիշողություններ արթնացրիք։
Սեպտեմբերի 21-ին լրացավ ուղիղ 54 տարին, որ հեռուստատեսությունում եմ։ Սկսել եմ 10-րդ դասարանից որպես ռեժիսորի օգնական, այնուհետև 6 ամիս անց իմ նպատակին հասնելու ցանկության, աշխատասիրության և նպատակասլացության արդյունքում այսպես ասած «պաշտոնս» բարձրացավ` ռեժիսորի ասիստենտի։ Այն ժամանակվա համար դա մեծ ռեկորդ էր։ Ի դեպ, առաջին հաղթանակս հեռուստատեսությունում համարում եմ հենց դա, ռեժիսորի ասիստենտ դառնալը։
Որից հետո ընդունվելով ԵՊՀ պատմության ֆակուլտետ՝ ցերեկը սովորում էի, իսկ երեկոյան աշխատում հեռուստատեսությունում։ Հեշտ չէր ինձ համար, հետագա տարիները կրկնակի աշխատանքային տարիներ դարձան։
Հիմա ինքս քանի որ դասավանդում եմ մարզական լրագրություն, չեմ կարողանում հասկանալ այն ուսանողներին, որոնք չեն գալիս դասի և պատճառաբանում են` «աշխատում եմ», «չեմ կարող», դա ինձ համար աբսուրդ է։ Եթե և՛ աշխատում ես, և՛ սովորում, դա քեզ համար ես անում, ոչ թե ուրիշների։
Այն տարիներին այդքան դժվա՞ր էր ասիստենտ դառնալը։
Այն ժամանակ, որպես կանոն, առնվազն մեկ տարի պահաջվում էր, որպեսզի ռեժիսորի օգնականը կոփվի աշխատանքի իմացության մեջ, փորձ ձեռք բերի, պատրաստ լինի ասիստենտի աշխատանքին։ Դա ղեկավարման վահանակի շուրջ նստած գործողությունն է, որ անում է եթեր հեռարձակողը, իսկ ես միշտ աշխատել եմ լուրերում, որի պատասխանատվությունը ևս շատ կարևոր էր ու բարձր։ Գիտե՞ք, կար նպատակին հասնելու խնդիր, կար չսխալվելու խնդիր։ Բայց եթե մարդ ունենա ցանկություն և ձգտում, ամեն ինչի կհասնի։
Պարո՛ն Բարսեղյան, իսկ ինչու՞ հենց մարզական լրագրող։
Դպրոցական տարիներին եղել էի բասկետբոլի դպրոցականների Հայաստանի հավաքականի անդամ։ Շատ լավ մարզիչներ եմ ունեցել` երջանկահիշատակ Դավիթ և Հարություն Դավթյանները։ Թեքումս կանխորոշեց պատանեկան տարիներին իմ սպորտի մարդ լինելը։ Իմ կյանքում վճռորոշ դեր խաղաց «Համայնապատկեր» լրատվական ծրագրի խմբագրի տեղակալ և լավ ընկեր Ռոմիկ Սարդարյանը։ Հենց նրա հորդորով էլ սկսեցի գրել մարզական լուրեր։
Նախքան հարցազրույցը սկսելը՝ մեր զրույցի սկզբում ասացիք, որ Ձեր հայրիկի մահից հետո եք կանգնել ընտրության առաջ։ Դա ինչպե՞ս։
Հայրս շատ լավ մարդ էր, իսկական ընկեր։ Ցավոք, շուտ կորցրեցի նրան` 16 տարեկան հասակում։ Այդ ժամանակ ես պետք է կողմնորոշվեի` աշխատա՞նք, սպո՞րտ, թե՞ ուսում։ Տուժեց սպորտը։ Գիտեք, շատ դժվար սպորտից բաժանվեցի այդ տարիներին (տխրեց, մի պահ լռեց, հուշերով ընկավ)։ Սակայն պետք էր աշխատել, որպեսզի կարողանայի ընտանիքիս օգնել։
1976 թվականին համալսարանը ավարտելուց անմիջապես հետո ինձ տեղափոխեցին սպորտային խմբագրություն՝ որպես խմբագիր։ Արդեն սկսվեց իմ եթերային գործունեությունը։
Կպատմե՞ք այն դժվարություններից, որոնց հանդիպել եք Ձեր կարիերայի սկզբում։
Ճանապարհը, որը ես անցել եմ, դժվար է կարիերա անվանելը։ Ինձ մոտ կարիերա բառն ասոցացվում է կարիերիստի հետ։ Ես այդպիսին չեմ, չեմ եղել և չեմ էլ լինի այլևս։
Մենք աշխատել ենք հեռուստատեսային ժապավենով, որը նկարում ես և չգիտես՝ արդյունքում ինչ ես ստանալու, որովհետև կարող է տանեիր լաբորատորիա, և պարզվեր՝ «բռակ» է։ Հարկ էր լինում նորից նկարահանել այն, ինչ նկարել էիր, բայց սպորտը, նամանավանդ եթե մրցում էր, անհնար էր։ Այդ ընթացքում պետք էր արդեն մատուցման նոր ձևեր գտնել, կիրառել։ Դա մի կողմից միտքը ճկուն էր դարձնում, մյուս կողմից էլ շատ դժվար էր։
Խորհրդային և անկախ Հայաստան։ Լրագրությունը, ըստ Ձեզ, ի՞նչ էվոլյուցիա է ապրել։
Նորանկախ Հայաստանում լրագրությունը բացահայտ զիջում է սովետական լրագրությանը։ Այլևս չկա այն խստապահանջությունը, որ լրագրողը պատասխանատու է իր յուրաքանչյուր բառի, նախադասության համար։ Հիմա ի հաշիվ տեխնիկական միջոցների փորձում են կոմպենսացնել։ Այն ժամանակ կար տեքստ գրելու հասկացությունը, այսօր այն մղվել է հետին պլան։ Ամեն ինչ ցույց են տալիս վիդեոմատերիալներով՝ գեղեցիկ մոնտաժի միջոցով մշակված։ Սովետական ժամանակ լուսաբանումը ավելի բարդ է եղել, մենք ինչ դժվարությամբ էինք պատրաստի վիդեոմատերիալ հայթայթում, ինքներս էինք նկարում, բայց ոչ միշտ էինք հաջողում։ Հիշում եմ, մեկ վիդեոկամերայով օպերատորի հետ մարմնամարզության աշխարհի առաջնություն եմ լուսաբանել։
Եվ որ նայում եմ, թե ուսանողները ինչպես են գրում տեքստը, ահավոր կաղում է։ Գրում են հեռախոսով քիչ չէ, մի հատ էլ լատինատառ տառերով են ներկայացնում։ Ես շարունակում եմ հարազատ մնալ իմ թղթին և գրչին։
Ո՞րն է եղել սպորտի մասին Ձեր առաջին նյութը։
Առաջին սպորտային նյութը եղել է շախմատի մասին, որը թողարկվել է «Համայնապատկեր»-ի սպորտային բլոկում։ Հիշում եմ նաև, որ մականախաղի մասին հաղորդում պատրաստեցի, իսկ մականախաղը այն ժամանակ մեզ մոտ այդքան էլ զարգացած չէր, բայց մենք խորհրդային սպարտակիադայում զբաղեցրինք ութերորդ տեղը, ինչը մեծ ցուցանիշ էր։ Հաղորդումը դիտելուց հետո «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթի ղեկավարները խնդրեցին, որ իրենց տրամադրեմ տեքստային տարբերակը՝ տպագրելու համար։
Պար՛ոն Բարսեղյան, լեգենդար մարզիկներից ու՞մ հետ եք ընկեր։
Առ այսօր ամենաջերմ և ամենահարազատ հարաբերությունները գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի հետ են։ Մենք վաղուց արդեն դարձել ենք պարզապես եղբայրներ։ Մեկս մյուսի հոգսերով և ուրախություններով ապրող և ինչ-որ տեղ չարչարվող։ Ի դեպ, Սմբատն իմ կնունքի քավորն է, ինչպես որ ես իրեն ճանաչելու օրվանից ուզել եմ։ Նաև իմ որդիների հարսանիքի քավորն է։ Սմբատը հետաքրքիր մարդ է, չի սիրել և չի սիրում, երբ իրեն գովաբանում ես, նույնիսկ իր կատարած աշխատանքի համար։
Մտերիմ եմ եղել Յուրի Վարդանյանի հետ, ում մահը շատ ծանր եմ տարել (հայացքը փոխվեց, կարծես վերապրեց այն էմոցիաները, որոնք ունեցել էր Յուրիի մահվան ժամանակ)։ Հիշում եմ, երբ համալիրում նրա հոգեհանգստի արարողության ժամանակ ինձ լրագրողներ մոտեցան, ես երկու բառ ասելուց հետո չդիմացա, «պայթեցի»․ այդ պահին հուզմունքը խեղդեց և արտասուքը չկարողացա զսպել։ Ասում են՝ լացելը ուժեղների մենաշնորհ չէ, բայց այդ հուզմունքի լացը ուրիշ էր։
Շատ եմ կապված եղել մարմնամարզության աշխարհի չեմպիոն Արթուր Հակոբյանի հետ, շախմատի մեր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Համբարձումյանի հետ։ «Արարատ 73» -ի բոլոր տղաների հետ` Սերգեյ Պողոսյանի, Արմեն Սարգսյանի, Արկադի Անդրեասյանի հետ։
Շատ ընկերներ և մտերիմներ ունեմ։ Այս պահին բոլորին չեմ հիշի։
Ըստ Ձեզ՝ որո՞նք են մարզական լրագրության առանձնահատկությունները։
Թիվ մեկ առանձնահատկությունն ինձ համար այն է, որ մարզական լրագրողը պետք է լինի վերին աստիճանի հայրենասեր և գրագետ։ Գրագիտությունը բանիմացության հետ կապ չունի, իսկ հայրենասիրությունը չպետք է դրսևորվի երկրպագուի կարգավիճակով։ Լրագրողը պետք է լինի բազմակողմանի։
Արդյո՞ք մարզական լրագրող լինելու համար պարտադիր է սպորտի և մարզաձևերի պատմության խորացված իմացությունը։
Ցանկալի է, բայց այսօր այնպես է, որ բոլորը հիմնված են ուղիղ եթերների վրա, և կարող է միայն մեկ մարզաձև լավ ուսումնասիրի, խորանա և մշտապես կենտրոնանա դրա վրա։ Իսկ այն ժամանակ պարտադիր էր բոլորն իմանալ։
Ըստ Ձեզ՝ ո՞րն է հաջող նյութ ունենալու գաղտնիքը։
Արդարամիտ, անկեղծ լուսաբանումը։ Գրպանային լրագրությունը շատ արագ բացահայտվում է։
Կա՞ կարգախոս, որը նմանեցնում եք Ձեզ։
Երբ բացեցի «Հայկական ֆուտբոլ» գունավոր շաբաթաթերթը, գլխագրում գրել էի. «Հանուն, այլ ոչ թե ընդդեմ հայկական ֆուտբոլի։ Հանուն, այլ ոչ թե ընդդեմ հայոց մարզաշխարհի» և, եթե այդպես չլիներ, 18 տարի անվճար չէի աշխատի։ Ներկայում նույնպես շարունակում եմ անմնացորդ նվիրումս սպորտին, ինչը դրսևորվում է այն պարզ ճշմարտության մեջ, որ լինելով ԵՊՀ «Հյուրերի տան» տնօրեն հաճախակի եմ հյուրընկալում մարզական միջոցառումների մասնակից հայաստանցի և արտերկրի հյուրերի, որոնց համար մեր հյուրանոցը դարձել է կարծես սեփական օջախ։
Ի՞նչ խորհուրդ կտաք ներկայիս մարզական լրագրողներին և նրանց, ովքեր պատրաստվում են մուտք գործել մարզական աշխարհ։
Խորհուրդս ոչ միայն մարզական լրագրողներին, այլև բոլորին է վերաբերում՝ հնարավորինս գրագետ դարձեք, ինքնակրթությամբ զբաղվեք և շատ գրքեր կարդացեք։
Շնորհակալություն հետաքրքիր և բովանդակալից հարցազրույցի համար
Պատրաստեց՝ Թագուհի Մանուկյանը