Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» չկարողացավ նվաճել ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի ուղեգիր:

Հիմնական փուլի վերջին` 6-րդ տուրում, Ռուի Մոտայի գլխավորած թիմը Սերբիայում հյուրընկալվել է «Բաչկա Տոպոլային» և պարտվել 3-4 հաշվով:

«Նոան» խաղի առաջին 15 րոպեից հետո հաղթում էր 2-0 հաշվով: 5-րդ րոպեին հաշիվը բացել էր բրազիլացի Մաթեուս Այասը, 10 րոպե անց էլ կրկնապատկել պորտուգալացի Էլդեր Ֆերեյրան: Երկու դրվագներում էլ ձախ եզրից գոլային փոխանցում էր կատարել ֆրանսիացի Վիրջիլ Պինսոնը:

41-րդ րոպեին «Բաչկա Տոպոլան» հակագրոհով կրճատել է հաշիվը, գոլի հեղինակ է դարձել սերբ կիսապաշտպան Պետար Ստանիչը:

Երկրորդ խաղակեսի մեկնարկից երեք րոպե անց «Նոան» երրորդ գոլն է խփել, դուբլ է գրանցել Այասը:

72-րդ րոպեին «Նոայի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը սեփական տուգանային հրապարակում ձեռքով փակել է գնդակի ճանապարհը, մրցավարը 11-մետրանոց է նշանակել: Բոսնիացի կիսապաշտպան Իֆեթ Ջակովացի հարվածից հետո «Նոային» փրկել է դարպասապահ Ալեքսեյ Պլոշադնին, սակայն երկրորդ հարվածով տանտերերի ֆուտբոլիստը գոլ է խփել:

Ընդամենը երկու րոպե անց Ջակովացը դուբլի հեղինակ է դարձել և հավասարեցրել հաշիվը` 3-3: 81-րդ րոպեին էլ «Բաչկա Տոպոլային» հաղթանակ է պարգևել սերբ Միլոշ Պանտովիչը` 4-3:

Այսպիսով, «Նոան» հիմնական փուլում տարավ մեկ հաղթանակ, գրանցեց նույնքան ոչ-ոքի և պարտվեց չորս խաղում:Հայկական թիմը չորս միավորով գրավել է 31-րդ տեղը: «Բաչկա Տոպոլան» 7 միավորով գրավել է 24-րդ տեղը և պայքարը կշարունակի անցումային փլեյ-օֆֆում:

741