Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Միջնաժամկետ ծախսերով պլանավորել էինք, գումարը դրել էինք, բայց կառավարությունը որոշեց, որ համակարգը դեռ պատրաստ չէ: Այսինքն՝ ոչ թե գումար չկա, այլ համակարգը պատրաստ չէ այնպես գործարկման, որտեղ մենք վստահ լինենք, որ ձեր վճարած գումարները տալու են այդ նույն ծառայությունը, որը դուք ակնկալում եք: Դրա համար որոշվեց հետաձգել, համակարգը ավելի բարձր մակարդակի բերել, որպեսզի հետագայում խնդիրներ չլինեն»,- անդրադառնալով առողջապահության պարտադիր ապահովագրության ներդրման հարցին ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Մենք աջակցել ենք առողջապահության նախարարությանը վերլուծական աշխատանք կատարելու մեջ։ Աշխատել ենք նաև նախագծման փուլում և տարբեր փուլերում մեր կարծիքներն ենք հայտնել դրա վերաբերյալ։ Մենք մասնակցել ենք համապարփակ ապահովագրության հետ կապված բոլոր հաշվարկները նայելու, ստուգելու և մեր սցենարներն առաջարկելու աշխատանքին։ Բայց այստեղ, երբ խոսքը առողջապահական համակարգի պատրաստվածության մասին է, մենք կարծիք հայտնել չենք կարող, որովհետև առողջապահության մասնագետներ չենք։ Այստեղ խնդիրը համակարգի պատրաստվածությանն էր վերաբերում, որի պատճառով որոշում է կայացվել այս պահին դա չանել»,- ասաց նախարարը: