Հայաստանն ունի մի քանի ճգնաժամերին դիմակայելու փորձ, բազում քաղաքական ու անգամ ռազմական ցնցումների պայմաններում կայուն մնալու փորձ, և այդ փորձը, ինչպես նաև ողջ գործիքակազմն ու կարողությունները ծառայում են երկրի ֆինանսական  կայունության ու կանխատեսելի ցածր գնաճի ապահովմանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` ընդգծելով, որ դրանք հենց այն հենակետերն են, որոնք մեղմում են ներկայի ճգնաժամի հարվածները, և որոնց շնորհիվ երկրի վաղվա վերելքը կլինի վստահ ու հաստատուն: 

-Հարգելի պարոն Գալստյան, թույլ տվեք շնորհավորել Ձեզ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ձեր ելույթներում նշել եք, որ Կենտրոնական բանկը հետևողական է լինելու իր երկու հիմնական նպատակների՝ գների կայունության ու  ֆինանսական կայունության ապահովման հարցում: Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը 2020թ. հունիսին, 2019թ. հունիսի համեմատ, կազմել է 1,7%՝ նշվում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության մեջ։ Գների կայունության առումով թվերն ինքնին խոսուն են, իսկ ի՞նչ կասեք ֆինանսական կայունության մասով՝ հատկապես վերջերս շատ է խոսվում այն մասին, որ մարդիկ վարկերը չեն կարողանում մարել, գործ չկա, կորոնավիրուսով պայմանավորված շատերը չեն աշխատում, շատ է հնչում վարկային արձակուրդ տրամադրելու քաղաքացիների և տարբեր խմբերի պահանջը, այս մասին ի՞նչ կասեք։


-Շնորհակալություն։ Նախ եկեք  հասկանանք թե ինչ է  այս պահի դրությամբ արդեն արվել: Վեջին մի քանի ամիսների ընթացքում  Հայաստանի  ֆինանասական կազմակերպությունների կողմից վերանայվել է գրեթե 1 միլիոն, ավելի ստույգ՝ շուրջ 980 հազար հատ վարկային պայմանագիր: Դրանց գումարային մնացորդը կազմել է մոտ 1.3 տրիլիոն դրամ: Վերանայված վարկերի հասցեատերերը շուրջ 550 հազար ֆիզիկական ու 17.5 հազար իրավաբանական անձիք են: Վարկերի նման մեծածավալ ու ընդգկուն վերանայումը ֆինանսական կազմակերպությունների կողմից իրենց հաճախորդների նկատմամբ բարի կամքի ու գործընկերության  լավագուն դրսևորումներից  է: Ես կխուսափեմ վերամբարձ գնահատականներից և գուցե չկոչեմ սա փրկօղակ, բայց դա միանշանակ հստակ ու շոշափելի օգնություն էր բազմաթիվ ընտանիքների ու գործարարների համար: Մյուս կողմից եկեք չմոռանանք, որ բանկը միջնորդ է ավանդատուների և վարկառուների միջև:

Բանկերը ներգրավում են ավանդներ, որոնց հաշվին իրականացնում են վարկավորում: Սա շատ պարզ մեխանիզմ է՝ վարկերի դիմաց ստացված տոկոսագումարներից  բանկը պետք է կատարի ավանդատուների նկատմամբ իր պարտավորությունները ։ Ընդ որում, բանկերը մեր քաղաքացիներին ավանդի տոկոսավճարների տեսքով որպես եկամուտ տարեկան վճարում են շուրջ 140 միլիարդ դրամ, կամ ՀՆԱ-ի մոտ 2.5 տոկոսը:  Այսպիսով, երբ տեսնում ես պատկերն ամբողջությամբ, ոչ թե միայն մեկ կողմի դիտանկյունից, ակնհայտ է դառնում, որ վարկային արձակուրդները   չեն կարող տևել անվերջ:   

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

601