Հայաստանը դատապարտում է բոլոր տեսակի ահաբեկչական գործողությունները տարածաշրջանում եւ ողջ աշխարհում։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն՝ ի պատասխան «Արմենպրես» լրատվական գործակալության՝ իրանցի միջուկային ֆիզիկայի մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանությանը Հայաստանի արձագանքի վերաբերյալ հարցի։

«Նոյեմբերի 27-ին Իրանում սպանվել է միջուկային ֆիզիկայի մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեն: Սպանությանը հետեւել են արձագանքներ Իրանից եւ մի շարք այլ պետություններից: Հայաստանը, որպես Իրանի սահմանակից եւ բարեկամ երկիր, ինչպե՞ս է արձագանքում իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի սպանությանը» հարցին Աննա Նաղդալյանը պատասխանել է.

«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում հայտնի իրանցի գիտնական, ԻԻՀ պաշտպանության նախարարության պաշտպանական նորարարությունների եւ հետազոտությունների կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆախրիզադեի սպանության կապակցությամբ։ Հայաստանը դատապարտում է բոլոր տեսակի ահաբեկչական գործողությունները տարածաշրջանում եւ ողջ աշխարհում»:

 

272