Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ցանկացած հրազենի գործադրման դեպք մտահոգիչ է պետության համար, որովհետև լինի ընդհանուր մասնաբաժնում շատ ցածր տոկոս, թե շատ բարձր տոկոս՝ հրազենի կիրառումն ինքնին հանրային շատ բարձր վտանգավորություն է ենթադրում: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
«Մեր կենտրոնացումն է օպերատիվ ճիշտ և գրագետ աշխատանքի շրջանակներում ապահովել ավելի մեծ թվով ապօրինի շրջանառության մեջ գտնվող զենք-զինամթերքի առգրավում կամ կամավոր հանձնում»,- ասաց նախարարը:
Սարգսյանը հավելեց, որ բավականին մեծ թիվ է կազմում ապօրինի շրջանառության մեջ գտնվող զենք-զինամթերքի թիվը և ՆԳՆ-ի խնդիրն է այդ զենքերը տանել պետության տեսողության դաշտ:
«Եթե գումարենք նոյեմբեր, դեկտեմբեր և հունվար ամիսների աշխատանքը, ապա կտեսնենք, որ նախորդ տարվա համեմատ ավելի մեծ թվաքանակով զենք-զինամթերք է առգրավվել և այստեղ հետևողականությունը տալիս է իր արդյունքները, հետևապես 2025-ը պիտի լինի այդպիսին»,- նշեց ՆԳ նախարարը:
Նախարարը նշեց, որ օրինական զենք կրելու դեպքում էլ են որոշակի խնդիրներ արձանագրել. «Կա օրինական հիմքերով զենք ձեռք բերելու հնարավորություն, բայց այստեղ պետությունը այդ հնարավորությունը պետք է մասնատի ու հասկանա, թե ինչ հատվածներն են, որ կարող են խնդրահարույց լինել, և մենք նկատում ենք, որ հատկապես պարգևատրական ինստիտուտի մասով ունենք շատ լուրջ խնդիրներ: Պետության համար շատ կարևոր է ի վերջո հասկանալ, թե որն է ստանդարտը, որով այդ պարգևատրական զենքները պիտի հասնեն հասցեատերերին և ստանդարտը պետք է լինի հուսալի»:
Սարգսյանը իր խոսքում նշեց, որ 2024 թվականին ունեցել են ավելի մեծ թվով ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերք և հետողական աշխատանքի արդյունքում 10,7 տոկոսով աճել է ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերքի քանակը, ինչը նշանակում է, որ այդ զենքերը չեն կարող գործադրվել: