Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Սխալ ենք աշխատում, որովհետև վիճակագրութունից չենք օգտվում: 2018 թվականին ՀՀ-ում եղել է 584 հազար աշխատատեղ, այդ ժամանակ միջին աշխատավարձը եղել է 172 հազար դրամ, 2024 թվականին եղել է 765 հազար աշխատատեղ, միջին աշխատավարձը` 281 հազար դրամ: Եթե մենք 2018 թվականի փոխանակման այդ կուրսով ենք հաշվում, անում է 210 միլիոն դոլար, 2024 թվականին անում է 544 միլիոն դոլար: Հիմա Դուք պատկերացնում եք, ինչ որ խոսում են, լրիվ սուտ են խոսում: Դուք ասացիք և այսպիսի ծրագիր արեցիք բանկերի հետ, որ խնդրահարույց վարկերին նոր պայմաններով լուծում տրվի, բայց այստեղ նորից վիճագրութուն չկա: Եթե մենք լուծում տանք 200 կամ 300 հազար վարկի, դրանցից ինչքան քաղաքացի, որ չէր կարողանում աշխատանք գտնել իր ծանրաբեռնված վարկերի պատճառով, աշխատանք կգտնի. հիմա այդ լուծումը տրվի, 3 կամ 4 ամսում աշխատատեղերը ինչքանո՞վ կավելանա: Հակառակ դեպքում, եթե մեզ մոտ վիճակագրական վերլուծությունը չկա, շատ սխալ տնտեսական վերլուծություն է արվում:

Խոսքս մեկ այլ հատված տեղափոխեմ, եթե այս ինստիտուցիոնալ ճանապարհով չենք գնում, շատ բաներ մոռանում ենք կամ զարգացում մեզ մոտ չի ստացվում: Շատ լավ կլիներ իրական սեկտորը գնահատեինք, թե ինչ հնարավորություններ ունի: Առանց վիճակագրական վերլուծության ոչ մի պահ չենք կարող Հայաստանի շահը գնահատել: Ես կուզենամ Ձեր կարծիքը լսել, թե երբ ենք այն խնդիրները, որոնք առաջանում են, բերելու ինստիտուցիոնալ դաշտ»:

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց վիճակագրության համար` նշելով, որ ինքը ևս իր գործընկերներին ասում է, որ շատ հաճախ չեն կարողանում իրենց ձեռքբերումներն ու աշխատանքները ներկայացնել: «Դրա համար կա ևս մեկ պատճառ՝ մեր գործընկերների ասած պատճառով. ավելի շատ կենտրոնանում ենք անհաջողությունների վրա, քան թե հաջողությունների»,- շեշտեց վարչապետը:

Սուքիասյանը հավելեց, որ ամբողջ նպատակը պետք է լինի այն, որ «գանք այն իրողությունից, որը որ ունենք»: «Մեզ համար ամենալավ գործիքը, որը որ Դուք առաջին օրվանից եկել եք իշխանության, արել եք, դա մրցակցային պայմանների ճիշտ ստեղծումն է եղել։ Նախկինում մենաշնորհներ կային, դրանք չեն կարող զարգացում բերել, և Դուք հետևողական եք եղել այս 6 տարում, որպեսզի մենաշնորհներ չլինեն, բայց մեր նպատակը բարենպաստ պայմաններ ստեղծելն է, հետո շատ երկրներ կան, ուր մի բան զարգացած է լինում, նրանք դա վերցնում փայփայում են, հիմա մեզ մոտ, օրինակ, ոսկերչությունից խոսեցիք, 30 տարի է զարգանում է, ամբողջ աշխարհում հայերը ոսկերիչներ են, բայց ՀՀ-ի պայմաններն այն ձևով չեն, որ կարողանանք մուցունակ լինել մեր տարածաշրջանային երկրների հետ: Ես խնդրում եմ, երբ հավաքներ եք անում, օտար մարդկանց էլ հրավիրեք թող գան իրենց այլ կարծիքը նույնպես հայտնեն: Սա իմ կողմից ուղղակի խնդրանք Ձեզ»,- դիմեց Սուքիասյանը` Փաշինյանին:

327