Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դոնալդ Թրամփն իր առաջին հարցազրույցն է տվել Fox News հեռուստաալիքին որպես Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ։ Հանրապետական նախագահը խոսել է Սպիտակ տուն իր վերադարձի մասին և քննադատել  նախորդ նախագահ Ջո Բայդենին։ Հարցազրույցում Թրամփը ավելի շատ կենտրոնացել է անցյալի դժգոհությունների և Ամերիկան ​​առաջ տանելու ծրագրերի վրա:

Հարցին, թե ինչպես էր չորս տարի անց Օվալաձև գրասենյակ վերադառնալը, նա ասել է, որ «շատ աշխատանք ունի անելու», և որ շատ բաներ չպետք է տեղի ունենային Բայդենի տարիներին:

«Մենք չէինք ունենա գնաճ, չէինք ունենա աղետ Աֆղանստանում, չէինք ունենա հոկտեմբերի 7-ը Իսրայելում, որտեղ այդքան մարդ զոհվեց, և մենք չէինք ունենա պատերազմ Ուկրաինայում»,- ասել է Թրամփը:

Նա Բայդենին մեղադրել է նաև տասնյակ միլիոնավոր միգրանտների՝ Միացյալ Նահանգներում գտնվելու համար: ԱՄՆ նախագահի կարծիքով՝ ավելի քան 20 մլն ապօրինի ներգաղթյալի «զգալի մասը հանցագործներ են ամբողջ աշխարհից»:

Հարցազրույցի ընթացքում Թրամփը նաև խոստովանել է, որ 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակման հետաքննության հետ կապված դատավարությունների պատճառով անցել է «դժոխքի» միջով: «Ես դժոխքի չորս տարի եմ անցկացրել: Դժոխքի չորս տարի»,- ասել Է Թրամփը իր դատավարությունների մասին: ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ միլիոնավոր դոլարներ է ծախսել փաստաբանների վրա և հաղթանակ է տարել:

Նա նաև ասել է, որ ցանկանում է բարեփոխել Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունը (FEMA)՝ մեղադրելով դրան «ամեն ինչին խոչընդոտելու համար»։

Սպասվում է, որ ուրբաթ Դոնալդ Թրամփը կվերադառնա Սպիտակ տուն, կստուգի Հյուսիսային Կարոլինայում անցյալ տարվա փոթորկի վնասները և կայցելի Լոս Անջելեսի անտառային հրդեհների վայրերը:

592