Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարց ուղղեց Քաղաքաշինության և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանին՝ կապված վիճակագրական մի շարք տվյալների հետ, որոնք ներկայացրեց վերջինս։
«Երբ դուք 55 հազար այցելություն եք ունեցել, ո՞րն է եղել դրանք ընտրելու մեխանիզմը, դուք եք ընտրո՞ւմ, թե դա ինչ-որ ծրագիր է, որը ասում է գնացեք այսինչ կազմակերպությունը, որովհետև ձեր տված ծրագիրը դիտողություն է արել, որ խախտում է եղել։ Եթե չունեք, ուրեմն ձեզնից պետք է պահանջենք շատ կարճ ժամանակահատվածում արհեստական ինտելեկտ տեղադրել, որ ձեր տված տեղեկությունները տաք, ԱԲ-ն այլ տեղերից կվերցնի և ձեզ կօգնի, թե որոնք են ավելի վտանգավոր գոտի։ Ուզում եմ իմանալ 55 հազարը ինչ կարգի ընտրություն է եղել, 8000-ը ինչ կարգի ակտ եք գրել, իսկ 1300-ը ամբողջական ուսումնասիրություն է եղել»,- նշեց պատգամավորը։
Այս ամենից զատ, Սուքիասյանը հետաքրքրվեց 2-3 տարվա վիճակագրությունից, թե այդ ստուգումները, այցելությունները, ակտերը ինչ արդյունք են տվել։ «Իրենք ավելի իրազեկ հասարակություն են, այդ կազմակերպությունները, դրանց տնօրենները, որովհետև ինչի հետ դուք եք առնչվում՝ առնչվում է մեր հասարակության հետ: Ձեր ամբողջ ուսումնասիրության արդյունքում ի՞նչ ունենք»,- նշեց Սուքիասյանը։
Նա բարձրաձայնեց նաև տնտեսվարողների բողոքները՝ կապված հրշեջ մեքնենաների հետ. « Շատ բողոքներ կան մեր հասարակության կողմից, օրինակ՝ հրշեջ մեքենաները չեն կարողանում մոտենալ շենքին, այն դեպքում, երբ մարդը մղիչ է ստեղծել, մենք ձեր ավարտական ակտը չենք ստորագրում, սա խայտառակություն է, սա շատ վատ երևույթ է ՀՀ-ում: Մյուսն էլ ասում է՝ ինձ թույլտվություն չեն տալիս, ասում են հրշեջ մեքենան չի կարող գալ տեղ հասնել։ Այս ի՞նչ մոտեցումներ են, հրշեջ մեքենան մի հատ էլ կարող է ասենք գնա հասնի իրենց տանիքի վրա: Նորմատիվներն արագ փոխեք, եթե մարդն ունի մղիչ, որով կարող է այդ ջուրն ընդերքից վերցնի, կամ ունի ավազան՝ ինչու՞ պետք է հրշեջ մեքենան գնա հասնի այդ շենքը: Սրանք բոլորը սովետական, անընդունելի վարքագիծ են ու անընդունելի փոխհարաբերություն է կառուցապատողների հետ, սա պետք է վերանա մեր երկրում»:
Սրան ի պատասխան՝ Խաչատրյանը նշեց, որ ցանկացած 4-րդ ռիսկայնության աստիճանի շինություն նախքան շինթույլտվություն վերցնելը, պետք է ունենա հրդեհային անվտանգության տեսչական մարմնի եզրակացությունը, որ այդ նախագիծը համապատասխանում է հրդեհային անվտանգության կանոններին: