Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փետրվարի 8-24-ը Երևանում կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպմամբ անցկացվող փառատոնի գլխավոր նպատակը հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն է ունկնդրի լայն շրջանակներում, ինչպես նաև՝ հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, նոտաների թվայնացումն ու պահպանումը: Այս նախաձեռնության միջոցով նաև հնչեցվում են հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Ուշագրավ է, որ հայ դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները կատարվում են ոչ միայն հայ, այլև օտարերկրյա հայտնի մենակատարների մասնակցությամբ, որոնք հետագայում այդ ստեղծագործություններն ընդգրկում են իրենց երկացանկում։

Փառատոնի շրջանակում նախատեսվում է ստեղծագործությունների թվայնացում, տեսագրված և ձայնագրված տեղծագործությունները տեղ են գտնում միջազգային մեդիա հարթակներում՝ հասանելի դառնալով բազմաթիվ օգտատերերի շրջանում ամբողջ աշխարհում։

Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը կմեկնարկի համաշխարհային երկու պրեմիերաներով։

Փետրվարի 8-ին առաջին անգամ կհնչի ժամանակակից կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի Թիվ 4 սինֆոնիան՝ «Շնորհալի, աղօթական», որն ընծա է Սբ Ներսես Շնորհալի Ամենայն Հայոց Հայրապետի ննջման 850-ամյակին և Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի վերաօծմանը: Բացման համերգին տեղի կունենա մեկ այլ ժամանակակից կոմպոզիտորի՝ Քրիստինա Առաքելյանի Դաշնամուրի կոնցերտի պրեմիերան։ Որպես մենակատար հանդես կգա հեղինակը՝ Քրիստինա Առաքելյանը։ Համերգի ընթացքում կհնչեն նաև հատվածներ Էդգար Հովհաննիսյանի «Մարմար» սյուիտից։

124