Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երկու տարի առաջ հայտարարտվել է, որ անցնում ենք նման հայտարարագրման քաղաքականության փուլային եղանակով և հետևաբար դրա մասին քաղաքացիները իմացել են նախօրոք։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
«Այս տարի ինչն է խնդիրը, որ ավելի մեծ քանակի մարդիկ պետք է անցնեն հայտարարագրի և բնական է, որ մենք պետք է ավելի ակտիվ իրազեկում իրականացնենք։ Ես նշեցի, որ պատրաստ ենք, քանի որ անցյալ տարի համապատասխան պլատֆորմները մշակվել են, ուղեցույցները կան, մենք պարզապես գործիքակազմը շատ ավելի ընդլայնում ենք և գնում ենք մարդկանց ավելի մոտ բացատրելու, որ իրենք կարողանան համակարգի հետ ավելի հեշտ առնչվել»,- ասաց նա։
ՊԵԿ նախագահը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ նրանք հայտարարագրումով նոր հարկատեսակներ չեն սահմանում, այլ գործող հարկատեսակները պահպանվում են և կարող են չանհանգստանալ, որ նոր հարկատեսակով հարկվելու է․ «Այլ հարց է, եթե կան մարդիկ, որոնք ունեն եկամուտներ, որ ստվերում են, մասնավորապես վարձակալական վճարները, հայտարարագրելու դեպքում պետք է հարկ վճարեն, բայց նոր հարկատեսակ չի ավելանում»։
Լրագրողի հարցին, թե Հակոբյանը բացառում է հավանականությունը, որ հետագայում նոր հարկատեսակ չի ավելանա հայտարարագրման հետևանքով, ՊԵԿ նախագահը արձագանքեց․ «Հավանականության մասին հիմա դժվար է խոսել։ Հարկային քաղաքականությունը ծագում է տվյալ պահի տնտեսական զարգացումներից, մենք հիմա հստակ ասում ենք, որ այս փուլերի ընթացքում, անցյալ տարի, այս տարի և հաջորդ տարի մեր մոտեցումը այն է, որ նոր հարկատեսակ չի սահմանվելու»,- ասաց Հակոբյանը հավելելով, որ խնայողությունները չեն հարկվում։
ՊԵԿ նախագահը նաև նշեց, որ պետությունը քաղաքացուն չի ասում՝ գումարդ բեր հաշվեմ, այլ ասում է, որ քաղաքացին ունի պետության կայացման մեջ ներդրման պարտավորություն, և պետությունը տալիս է հարթակ ավելի քաղաքակիրթ ձևով իր ունեցածը հայտարարագրելու։ Այդ քայլին գնալը շատ էական է, քանի որ մարդիկ օգտվելու են նաև սոցիալական կրեդիտներից և հնարավորություն են ունենալու պետության կողմից ավելի թիրախային աջակություն ստանալու։
«Մենք չունենք հասանելիություն մարդկանց բանկային տվյալներին և դա ունենում ենք ստուգման ժամանակ, ընդ որում մի 2 թվով՝ մուտք և ելք, հետևաբար մենք չենք տեսնում, թե մարդը ինչ գործարքներ է անում, հետևաբար բոլոր մարդիկ կարող են հանգիստ լինել, որ ՊԵԿ-ը չի տիրապետում նման տվյալի և տվյալները չեն կարող հայտնվել այլ մարդկանց ձեռքին։ Մեր բոլոր սերվերները պաշտպանված են և նրանց դրսից որևէ մեկը հասանելիություն չունի։ Հիմա էլ բազմաթիվ հարկատուների տվյալներ մեր սերվերներում են և երբեք չի եղել նման դեպք, որ տվյալները հայտնվեն այլ մարդկանց ձեռքերում»,- ասաց ՊԵԿ նախագահը խոսելով մարդկանց անձնական տվյալների գաղտնիության մասին։