![](https://araratnews.am/admin/images/1739033453.jpeg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 7-ին այցելել է ՆԳՆ կրթահամալիր և հետևել ՆԳՆ նորաստեղծ կրթահամալիրի անձնակազմի համալրման գործընթացի հարցազրույցի փուլին: Հանձնաժողովների նախագահները Արփինե Սարգսյանին են ներկայացրել հարցազրույցի անցկացման ընթացակարգը, թեկնածուների ընտրության չափանիշներն ու գնահատման մեխանիզմները։
Հարցազրույցն անցկացնող հանձնաժողովների կազմում ընդգրկված են Ներքին գործերի նախարարության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նաև հոգեբաններ։ Հարցազրույցը հաջողությամբ հաղթահարածները կհամալրեն նորաստեղծ ուսումնական հաստատության անձնակազմը։
Նույն օրը ՆԳ նախարարը հետևել է նաև Պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողների վերապատրաստման դասընթացի գործնական պարապմունքին:
Նախարարը կարևորել է Ոստիկանության գվարդիայի ձևավորմանն ընդառաջ, ինչպես նաև ուժի կիրառման նոր ստանդարտի ներդրման համատեքստում ծառայողների շարունակական վերապատրաստումները՝ նշելով, որ դասընթացներին մասնակցությունը հնարավորություն կտա զարգացնել մասնագիտական կարողությունները, շտկել թերությունները և առավել արդյունավետ լուծել գործնական խնդիրները:
Վերապատրաստման գործնական փուլի շրջանակում տարբեր սցենարային իրավիճակներում մարտավարական հնարքների կիրառումը հնարավորություն է տալիս ծառայողներին ոչ միայն կատարելագործել ուժային միջոցների համաչափ գործադրման հմտությունները, այլև զարգացնել ռիսկային իրավիճակներում մարտավարական մտածողությունը և գործնական մոտեցումները։
Արփինե Սարգսյանը վերապատրաստող անձնակազմի հետ քննարկել է ծառայողների մասնագիտական պատրաստվածության և դասընթացների արդյունավետության մասին հարցեր։