Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օրերս ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, պատասխանելով լրագրողի հարցին՝ կապված Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների վրա ԵՄ-Երևան մերձեցման ազդեցության հետ, նշել էր, որ ՌԴ-ն տեսնում է, որ այստեղ էլ Եվրամիությունը հավատարիմ է մնում իրեն, քանի որ առանց որևէ խոստում տալու և վիզաների ազատականացման հարցում որևէ լուրջ որոշում ընդունելու՝ Հայաստանից արդեն իսկ պահանջում է քաղաքական լոյալություն և միացում հակառուսական պատժամիջոցներին․

«Եվ այս ամենը տեղի է ունենում այն բանի ֆոնին, երբ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը շոշափելի և զգալի երկարաժամկետ օգուտներ է բերում ԵԱՏՄ-ի հետ առևտրի ավելացման և ԵԱՏՄ-ից Հայաստան ներդրումների ավելացման տեսքով»,- նշել էր փոխարտգործնախարարը։

Հայտարարարության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը Araratnews-ի հարցին ի պատասխան ասաց հետևյալը․

«ԵՄ կողմից Հայաստանի Հանրապետությանը նման պահանջ չի ներկայացվում: Խնդրո առարկա թեմայի շուրջ ՀՀ մոտեցման մեջ փոփոխություն չկա»:

Նշենք, որ այսօր ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը անդրադառնալով եվրաինտեգրման վերաբերյալ օրինագծին, հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետության քայլերն ուղղված չեն որևէ երկրի դեմ։

«Մենք ունենք և շարունակում ենք մեր երկխոսությունը բոլոր գործընկերների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության։ Վստահաբար տեղյակ եք, որ ընդամենը շաբաթներ առաջ ԱԳ նախարարն աշխատանքային այցով նաև հյուրընկալվել էր Մոսկվայում և այնտեղ նախարար Լավրովի հետ բավականին կառուցողական քննարկումներ են եղել»,- հավելել էր Կոստանյանը։

Գեղամ Ադյան

 

619