
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Կիեւում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ:
Առանձնազրույցի ընթացքում Ռուսլան Ստեֆանչուկը, ողջունելով Սարգիս Խանդանյանի այցն Ուկրաինա, կարեւորել է երկու երկների միջեւ միջխորհրդարանական կապերի զարգացումը, մասնավորապես` երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի փոխայցերի կարեւորությունը:
Սարգիս Խանդանյանը ՀՀ Ազգային ժողովի անունից իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի Գերագույն ռադայի գործընկերներին երկրի համար դժվարին պայմաններում խիզախ գործունեության համար եւ շեշտել միջխորհրդարանական հարթակներում համատեղ գործելու կարեւորությունը: Նա Ուկրաինայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային մարտահրավերները, ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները, Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացի մանրամասները: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
Ռուսլան Ստեֆանչուկը, կարեւորելով տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ամրապնդումը, իր անվերապահ աջակցությունն է հայտնել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանմանը եւ ժողովրդավարական զարգացման ուղուն:
Սարգիս Խանդանյանն Ուկրաինա է մեկնել` մասնակցելու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի աշխատանքներին: