
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Արարատի մարզ` դիտարկելու մարզում պետական միջոցներով և սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքը։ Այդ մասին Խուդաթյանը գրել է ֆեյսբուքյան էջում։
«Փոխնախարար Վարդան Կոստանյանի, մարզպետ Սեդրակ Թևոնյանի, մարզի համայնքապետերի հետ նախ ծանոթացել ենք Մասիս համայնքի Գեղանիստ բնակավայրի կամրջի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք կավարտվեն այս տարի։ Հանձնարարել եմ աշխատանքներն իրականացնել բարձր որակով՝ բացառելով թերությունները: Այնուհետև դիտարկել ենք շուրջ 300 մլն դրամ արժեքով Մասիս համայնքի Սայաթ-Նովա բնակավայրում ոռոգման համակարգի կառուցման, ինչպես նաև Մասիսի մի շարք փողոցների ասֆալտապատման աշխատանքները, որոնք ավարտված են: Կրկին սուբվենցիոն ծրագրով, շուրջ 340 մլն դրամ արժեքով Արտաշատ համայնքի Մրգանուշ բնակավայրում մանկապարտեզ է կառուցվում, որը նախատեսված է 150 երեխայի համար: Չնայած եղանակային պայմաններին՝ շինհրապարակում ակտիվ աշխատանքներ էին ընթանում։ Մանկապարտեզը պատրաստ լինելուն պես կսպասարկի նաև հարակից բնակավայրերին: Հաջորդ կանգառը Վեդու ջրամբարն էր, որտեղ աշխատանքներն ավարտական փուլում են, և գարնանն արդեն կիրականացվեն ջրալցման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը 90 միլիոն եվրո է: Այցելեցի նաև Վեդի համայնքի Ուրցաձոր բնակավայրի մանկապարտեզ, որը ևս կառուցվում է սուբվենցիոն ծրագրով՝ ավելի քան 141 մլն դրամ արժեքով՝ նախատեսված 120 երեխայի համար: Եղել եմ նաև Արարատ համայնքի Արարատ և Երասխ բնակավայրերում, որտեղ ծանոթացել եմ մարզադպրոցների կառուցման աշխատանքներին, ինչպես նաև այցելել եմ Երասխ բնակավայրում 16 մլն դրամ արժեքով կառուցվող մի քանի տներ»,- գրել է նա։