Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 18-ին տեսաուղերձով է հանդես եկել «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» Եվրոպայի խորհրդի ծրագրի փակման արարողությանը:

Իր խոսքում Անահիտ Մանասյանը նշել է, որ ՄԻՊ հաստատության համար առանձնակի կարևորություն ունի զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային մասնագիտացված կառույցների հետ համագործակցությունը:

«Անշուշտ, այդպիսի համագործակցության լավագույն օրինակ են Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը միտված թիրախային ծրագրերը: Պետք է արձանագրեմ, որ «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի գործողության շրջանակներում մեր գործընկերների հետ կարողացանք մի շարք աշխատանքներ իրականացնել: Բնականաբար, ծրագիրը նպաստել է նաև իմ աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանման՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի կարողությունների զարգացմանը»,- ասել է Պաշտպանը։

Ծրագրի շրջանակում իրականացված կարևոր միջոցառումներից Անահիտ Մանասյանը, ի թիվս այլնի, նշել է «Համազգեստով քաղաքացի» հեռախոսային հավելվածի գործարկումը, «Մարդու իրավունքները զինված ուժերում» ՀԵԼՓ դասընթացի հայկական տարբերակի մեկնարկը, համատեղ կազմակերպված` ՄԻՊ առընթեր Զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի նիստը, Նիդերլանդների Թագավորություն ճանաչողական այցը, ինչը նպաստել է նիդերլանդական լավագույն փորձի ուսումնասիրմանը՝ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Ամփոփելով՝ Անահիտ Մանասյանը հույս է հայտնել, որ Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների խթանմանն ուղղված Եվրոպայի խորհրդի ծրագրերը կլինեն շարունակական։

Ծրագրի արդյունքներին անդրադարձել է նաև ՄԻՊ աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը, ով ևս բարձր է գնահատել ծրագրի շրջանակներում ԵԽ գործընկերների և ՀՀ պետական մարմինների հետ համագործակցությունը: Անդրանիկ Եղոյանն ընդգծել է, որ ծրագիրը ոլորտային տեսանկյունից նպաստել է ՄԻՊ հաստատության կարողությունների զարգացմանը։

319