Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այն մարդիկ, որոնք շատ են ոգևորվել ռուս-ամերիկյան բանակցություններից և նրանք, ովքեր հուսալքվել են՝ տեսնում են միայն մակերեսը կամ ցանկանում են տեսնել միայն մակերեսը։ Այս մասին Araratnews-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ անդրադառնալով Էր Ռիադում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև բանակցությունների մեկնարկին։

«Իրականում շատ նման է, որ Միացյալ Նահանգները և Եվրոպան համագործակցաբար են խաղում և այստեղ լավ ու վատ ոստիկանի տրամաբանություն կա, ինչը շատ բնորոշ է Թրամփին, որը բազմաթիվ անգամներ  նման կերպ փորձել է խնդիրներ լուծել։ Սա նշանակում է, որ Թրամփը կփորձի հասնել Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով հնարավոր առավելագույն կետերի իրականացմանը, օրինակ՝ իրավիճակը սառեցնելը, ինչին Ռուսաստանը արդեն մեկ անգամ չի համաձայնվել, բայց գուցե այս անգամ համաձայնվի՝ երաշխիքներ ստանալով Միացյալ Նահանգներից, բայց դա չի նշանակում, որ անտեսվելու են Ուկրաինայի  և Եվրոպայի մոտեցումները»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք Ուկրաինան անվտանգության երաշխիքներ կստանա հավաքական Արևմուտքից, Ղևոնդյանը պատասխանեց․ «Խնդիրն այստեղ այն է, թե Միացյալ Նահանգները ինչ կկարողանա պոկել Ռուսաստանից․ Թրամփի քաղաքականությունը եթե մի փոքր այլ կերպ ձևակերպենք, հետևյալն է՝ ուժի  միջոցով չի ստացվում, փորձենք գայթակղելու միջոցով պոկել, եթե իհարկե Ռուսաստանը մինչև վերջ կարծր լինի և համաձայնության չգնա՝ չի բացառվում, որ ԱՄՆ-ն կարող է նորից վերադառնալ ուժի քաղաքականությանը․ մենք Թրամփի նախորդ նախագահության և այս ընթացքում տեսել ենք, որ նա կարող է տարբեր կողմերից մոտենալ հարցին։ Այնպես որ այստեղ Ուկրաինայի պահանջները անվտանգության հարցում իհարկե էական են, բայց դրանք ունեն տարբեր մակարդակներ․ օրինակ՝ երաշխիք կարող է լինել  այն, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ կարող է կնքել տնտեսական համագործակցության պայմանագրեր, կարող է լինել իրավիճակ, երբ Միացյալ Նահանգները կկարողանա հասնել նրան, որ համաձայնություն կլինի Ուկրաինայում Եվրամիության որոշ պետությունների զորքերի տեղակայման հարցում, ինչը կար ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունում»։


Խոսելով Զելենսկու և Էրդողանի հանդիպումից, քաղաքագետը կարծիք հայտնեց, որ  սա ԱՄՆ-ՌԴ միջև սկսված գործընթացի մեկ ճյուղն է, և ինչքան էլ որ Հայաստանում կան մարդիկ, որոնք չեն ցանկանում  դա տեսնել և խոսում են իբր Թուրքիայի դերի նվազման մասին․ «Իրականում Թուրքիան այս խաղի մեջ ունի իր բաժինը և Անկարային հանձնարարվել է Ուկրաինայի շահերի վերաբերյալ որոշակի մոտեցումներ ցույց տալ և պահել ինտրիգը, և եթե գա այն ժամանակը, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը  ինչ-որ համաձայնության կգան, որի վերաբերյալ հարկ կլինի, որ ավելի լայն համատեքստով համաձայնություն լինի, այսինքն՝ Ուկրաինան, Եվրամիությունը ներառվեն իրենց շահերի ներգրավմամբ, այստեղ Թուրքիայի դերակատարումը կլինի շատ մեծ, որը որպես կապող օղակ կլինի ԱՄՆ-ՌԴ համաձայնության և ԵՄ-Ուկրաինա շահային համակարգի համատեղման առումով՝ իհարկե Թուրքիան իր մասնաբաժինը կունենա այդ ամենում»։


Ինչ վերաբերում է Պեսկովի այն հայտարարությանը, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը Կիևի ինքնիշխան իրավունքն է, Ղևոնդյանը այն այսպես մեկնաբանեց․ «Միացյալ Նահանգները Թրամփի մակարդակով հայտարարել է, որ անիրականանալի է մոտ ժամանակներում Ուկրաինայի  անդամակցությունը ՆԱՏՕ-ին, բայց ոչինչ չի ասվել Եվրամիության մասին, սրանով տեղ է թողնվել, որպեսզի բանակցությունների ընթացքում Ուկրաինայի շահերը ևս որոշակի չափով իրացվեն։ ԵՄ անդամ լինելը ինքնին ենթադրում է որոշակի առումով ՆԱՏՕ-ի հովանոց ունենալ, ինչը կարող է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների առումով ընդունելի լինել»։


Դիտարկմանը՝ գուցե Թուրքիային թողնվի Հարավային Կովկասում հիմնական դերակատարությունը, հաշվի առնելով ԱՄՆ-Թուրքիա ակտիվ երկխոսությունը այդ հարցում, քաղաքագետը դրան բացարձակապես անհամաձայնություն հայտնեց․ «Այստեղ հարցն այն է, որ Հարավային Կովկասով դեռևս  ամբողջապես չեն զբաղվում, որովհետև կա երկու շատ ավելի կարևոր հարց, որ Թրամփի համար առաջնահերթ է, դա Ուկրաինայի հարցն է և Գազայի հատվածի, բայց դա չի նշանակում, որ աչքաթող են արված մյուս տարածաշրջանները։ Կոնկրետ Հրվ․ Կովկասի հարցում, այո, մենք ունենք Ռուբիոյի և Ֆիդանի զրույցները, և եկեք չմոռանանք, որ ԱՄՆ պետքարտուղարը վերջերս այցելել էր հայկական եղեղեցի, ինչը խոսում է այն մասին, որ Ռուբիոն որոշակի վերաբերմունք ունի հայության հետ կապված հարցերում և պետք է նշել, որ իհարկե Թուրքիան Հրվ․ Կովկասի հարցերում իր դերակատարումն ունենալու է և ունի, առավել ևս, որ ՌԴ-ն 44-օրյա պատերազմի արդյունքում հրավիրեց և ներս թողեց Թուրքիային տարածաշրջան, և Միացյալ Նահանգների համար ընդունելի  տարբերակ է, որ Թուրքիան վճռական ձայն ունենա Հարավային Կովկասում և այս ամենին նաև գումարենք այն, որ միջազգային տրանսպորտային նախագծերում մեր հարևան երկիրը լուրջ դերակատարում ունի և դրանք՝ միջին միջանցքից սկսած մինչև Հյուսիս-հարավ և ՀՀ առաջարկած Խաղաղության խաչմերուկ, անցնում են Հայաստանով և մտնում Թուրքիա, ինչով էլ նա ունի մեծ դերակատարում, բայց դա չի նշանակում, որ Հարավային Կովկասը ապրիորի թողնվում է Թուրքիայի կարգավորմանը, բայց դա նշանակում է, որ Հարավային Կովկասի պետությունները  հնարավորություն ունեն իրենց շահերի շուրջ միջազգային  համատեքստում փորձել բանակցել Թուրքիայի և  միջազգային մյուս խաղացողների հետ»։


Ռոբերտ Ղևոնդյանը անդրադառնալով պնդումներին, որ ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքում ՌԴ-ն կվերականգնի իր դերակատարումը տարածաշրջանում, ասաց․ «Ռուսաստանը Հարավային Կովկասում էականորեն զիջել է իր դիրքերը և առաջին հերթին նույն Միացյալ Նահանգները, ընդ որում Թրամփի վարչակազմը թույլ չի տալու, որպեսզի  ՌԴ-ն այստեղ վերադարձնի իր դիրքերը․ մարդիկ, ինչպես սկզբում նշեցի, որոնք շատ են ուրախացել և կարծում են, թե իրենց նյութական կամ ոչ նյութական շահերը կկարողանան Ռուսաստանի օգնությամբ ՀՀ-ում իրացնել՝ ես պիտի հիասթափեցնեմ, ԱՄՆ-ի համար շատ ավելի ընդունելի է, որ օրինակ՝ Թուրքիան կարողանա Հարավային Կովկասում որոշումների կայացման հարցում ունենալ վճռական ձայնի իրավունք, քան այն, որ ՌԴ-ն կկարողանա վերադառնալ և Հրվ. Կովկասում որոշումներ կայացնել, իսկ թե այդտեղ Հայաստանը որտեղ կլինի և արդյոք Թուրքիա-Ռուսաստան դիլեմայի արանքում կլինի՝ ես կարծում եմ կախված է Հայաստանից։ Եթե ՀՀ-ն ճիշտ քաղաքականություն վարի, ապա բացարձակապես կարևոր չի լինի՝ այստեղ Թուրքիայի ազդեցությունն է ավելի մեծ, թե Ռուսաստանի, որովհետև մեր երկիրը կկարողանա դիվերսիֆիկացման միջոցով այնպիսի կախվածություններ  ձևավորել, որ Հայաստանի հետաքրքրությունը աշխարհին թույլ չի տա ոչ Թուրքիային, ոչ Ռուսաստանին Երևանի հաշվին գործողություններ իրականացնել և դա հնարավոր է այսօր, երբ տարածաշրջանային տերությունները ստիպված են հաշվի նստել  արտատարածաշրջանային պետությունների հետ, ինչպիսիք առաջին հերթին ԱՄՆ-ն է և Չինաստանը»։

Գեղամ Ադյան

456