Թուրքիայի ներքին գործերի փոխնախարար և մամուլի խոսնակ Իսմայիլ Չաթաքլըն տվյալներ է հրապարակել երկրում սիրիացի փախստականների թվի վերաբերյալ, գրում է ermenihaber-ը։

Նրա փոխանցմամբ՝ այս պահին Թուրքիայում գրանցված սիրիացիների թիվը 3 մլն 638․288 է։

Չաթաքլը նաև հայտնել է, որ մինչև այսօր 419․040 սիրիացի փախստական է վերադարձել իր երկիր։

Թուրքիայի իշխանությունները 2020թ․ փետրվարի 27-ին որոշում էին ընդունել չկանգնեցնել ծովային և ցամաքային ճանապարհով սիրիացի փախստականների հոսքը դեպի Եվրոպա: Թուրքիայի նախագահի այդ որոշումից հետո շուրջ 3 ամսվա ընթացքում 402․011 սիրիացի փախստական էր վերադարձել իր երկիր, իսկ մայիսի սկզբի դրությամբ Թուրքիայում գրանցված սիրիացի փախստականների թիվը կազմում էր  3 մլն 580․263:

Եթե համեմատենք այս ամսվա տվյալները մայիսին հրապարակված տվյալների հետ, ապա կարող ենք նշել, որ Սիրիա վերադարձած փախստականների թիվն ավելի քիչ է եղել (մայիս-դեկտեմբեր, ընդհ․՝ 17.029), քան մինչև մայիսն ընկած ժամանակահատվածում։ Ինչ վերաբերում է Թուրքիայում գրանցված սիրիացի փախստականների թվին, ապա մայիսից հետո այդ ցուցանիշն ավելացել է 58․025-ով:

Նշենք, որ Թուրքիայի միգրացիայի վերահսկման վարչության տվյալներով՝ Թուրքիայում սիրիացիները ամենից շատ բնակվում են Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում:

209