
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 20-ին ամփոփվել են Վայոց ձորի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Հայտնում են Դատախազությունից:
Ամփոփմանը ներկա են եղել Վայոց ձորի մարզի դատախազ Ասպուրակ Ավետիսյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:
Ասպուրակ Ավետիսյանը ներկայացրել է Վայոց ձորի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը՝ ի թիվս այլնի անդրադառնալով մարզում նախաձեռնված քրեական վարույթներին, մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթներին, դատարաններում ավարտված քրեական գործերին և այլն: Այս համատեքստում Վայոց ձորի մարզի դատախազը տեղեկացրել է, որ 2024 թվականի ընթացքում նախաձեռնվել է 866 քրեական վարույթ (2023 թվականին՝ 638 քրեական վարույթ), մարզի դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 185 քրեական վարույթ՝ 197 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 64 քրեական վարույթ՝ 67 անձի վերաբերյալ), դատարանում ավարտվել է 135 քրեական գործ՝ 138 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 42 քրեական գործ՝ 46 անձի վերաբերյալ):
Ասպուրակ Ավետիսյանի տեղեկացմամբ, 2024 թվականի ընթացքում վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 4 միլիոն 600 հազար դրամ վնասը:
Անդրադառնալով պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրությունների արդյունքներին՝ Վայոց ձորի մարզի դատախազը նշել է, որ 2024 թվականի ընթացքում դատարան է ներկայացվել 4 հայցադիմում:
Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանը մարզի դատախազին հանձնարարել է ակտիվացնել պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները: