
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)՝ Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսավորմամբ, Հայաստանում սկսում է նոր նախաձեռնություն՝ ուղղված երկրի բուժաշխատողների կարողությունների և հոգեկան առողջության համակարգի հզորացմանը։ Այս մասին հաղորդում է ԱՀԿ հայաստանյան գրասենյակը։
«Նախաձեռնությունն Արևելյան գործընկերության հինգ երկրում իրականացվող առողջապահական կայուն համակարգի ձևավորմանն ուղղված ավելի ընդարձակ ծրագրի մի մաս է։ Այսօր Երևանում պաշտոնապես մեկնարկած ծրագիրը նշանակալի իրադարձություն է ԵՄ-ԱՀԿ համագործակցության համար՝ ուղղված դիմակայուն և ավելի առողջ Հայաստանի կառուցմանը:
COVID-19 համավարակը բացահայտել է աշխարհում առողջապահական համակարգերի ինչպես ուժեղ, այնպես էլ խոցելի կողմերը՝ հատկապես ընդգծելով առողջապահության ոլորտում դիմակայուն և աջակցություն վայելող բուժաշխատողների առկայության կարևորությունը: Հայաստանում, ինչպես ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի շատ երկրներում, բուժաշխատողների պակասը, նրանց անհամաչափ բաշխվածությունը, սթրեսի ու մասնագիտական այրման լայն տարածվածությունը հսկայական ճնշում են գործադրել առողջապահական համակարգերի վրա: Երկար ժամանակ անտեսված հոգեկան առողջությունը ևս առաջնահերթություն է դարձել, քանի որ ավելի ու ավելի է ճանաչվում համայնքահենք, մարդակենտրոն և մարդու իրավունքների վրա հիմնված հոգեկան առողջության ծառայությունների անհրաժեշտությունը։ Այսպիսի ծառայությունները նվազեցնում են խարանը և բարձրացնում են բուժման և խնամքի հասանելիությունը:
«Հոգեկան առողջությունը մարդու համընդհանուր իրավունք է, որի պահպանումը կենսական է անձի ընդհանուր առողջության և բարեկեցության համար: Ուստի մենք մշակել և հաստատել ենք «Հոգեկան առողջության պահպանման և բարելավման միջոցառումների ծրագիր», սահմանել ենք մասնագետի գործունեության էթիկայի կանոնները, պատրաստել ենք կլինիկական ուղեցույցներ և գործելակարգեր, ինչպես նաև իրականացնում ենք հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ դասընթացներ: Սակայն այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է նաև ամուր և լավ պատրաստված առողջապահական անձնակազմ։ Այս նախաձեռնությունը մեզ հնարավորություն է տալիս լուծելու բուժաշխատողների հիմնական մարտահրավերները՝ ստեղծելով ավելի բարենպաստ աշխատանքային պայմաններ, բարձրացնելով մասնագետների պատրաստվածության մակարդակը և ապահովելով մասնագետների շարունակական զարգացումը։ Միայն ուժեղ և պաշտպանված բուժանձնակազմի միջոցով կարող ենք հասնել առողջապահական ծառայությունների ամբողջական և արդյունավետ ներդրմանը՝ յուրաքանչյուր քաղաքացու համար հասանելի դարձնելով որակյալ բուժօգնությունը»,- նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Հայաստանում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է, որ ԵՄ-ն հանձնառու է աջակցել Հայաստանի առողջապահության ոլորտին՝ ապահովելով, որ այսօրվա ներդրումները տանեն տևական և էական փոփոխությունների։
«ԱՀԿ-ի հետ մեր գործընկերության միջոցով մենք հզորացնում ենք Հայաստանի առողջապահական համակարգը՝ հասցեագրելով աշխատուժի կարևոր մարտահրավերները և ընդլայնելով հոգեկան առողջության աջակցության հասանելիությունը։ Առողջապահական դիմակայուն համակարգն ամուր հասարակության ողնաշարն է, և մենք միասին աշխատում ենք որակյալ առողջապահությունը Հայաստանում բոլորի համար իրականություն դարձնելու ուղղությամբ»,- նշել է նա։
Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ դոկտոր Սիդարթա Դատտայի խոսքով՝ Եվրամիության ֆինանսավորման միջոցով ԱՀԿ-ն աջակցում է Հայաստանին ամրապնդելու բուժաշխատողների կարողությունները և տրամադրվող հոգեկան առողջության ծառայությունները՝ դրանով իսկ ճանապարհ հարթելով դեպի առողջապահական կայուն համակարգեր՝ ունակ հաղթահարելու առողջական մարտահրավերները և արտակարգ իրավիճակները:
«Ծրագրի մեկնարկը կարևոր քայլ է բուժաշխատողների շրջանում ներդրումներ կատարելու և նրանց աջակցելու, ինչպես նաև հոգեկան առողջության ծառայությունների ինտեգրվածությունն ու հասանելիությունն ապահովելու համար»,- ասել է Սիդարթա Դատտան:
Բուժաշխատողներին ուղղված մարտահրավերների հասցեագրում
Որակյալ կրթություն ունեցող և համաչափորեն բաշխված բուժաշխատողների առկայությունը կարևոր է որակյալ առողջապահություն ապահովելու համար: ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող այս ծրագրի համար առանցքային կլինեն հետևյալ ուղղությունները.
- բարելավել առողջապահության ոլորտում մասնագետների ներգրավումն ու պահպանումը` առաջարկելով նրանց աշխատանքային ավելի լավ՝ հոգեկան առողջությանը նպաստող պայմաններ.
- բարձրացնել բժշկական և բուժքույրական կրթության որակը՝ այն առավել համահունչ դարձնելով երկրի առողջապահական կարիքներին.
- աջակցել առողջապահության ոլորտի աշխատուժի ապացուցահենք պլանավորմանը՝ ապահովելով առողջապահական համակարգի կայուն զարգացումը։
Հոգեկան առողջության ծառայությունների հասանելիության բարձրացում և խարանի նվազեցում
Հայաստանի առողջապահության համակարգում հոգեկան առողջությունը կարևոր և հաճախ անտեսված ոլորտ է: Խարանն ու ինստիտուցիոնալացված խնամքի մոդելների սահմանափակ հասանելիությունը բացասաբար են ազդում հոգեկան առողջության որակյալ և մարդու իրավունքների վրա հիմնված աջակցության վրա: Այս ծրագրի միջոցով ԱՀԿ-ն և ԵՄ-ն ջանքեր կգործադրեն՝
- ամրապնդելու երկրում հոգեկան առողջության ոլորտի կառավարումն ու ծառայությունների տրամադրումը.
- վերապատրաստելու բուժաշխատողներին՝ իրավունքների վրա հիմնված, մարդակենտրոն մոտեցում խթանելու համար.
- նվազեցնելու խարանն ու խտրականությունը հանրային իրազեկման արշավների միջոցով, ինչպես նաև խթանելու հոգեկան առողջությունն ու բարեկեցությունը՝ այդ թվում նաև արվեստի միջոցով, ինչպես նաև նպաստելու հոգեկան առողջության համայնքահենք ծառայությունների հասանելիությանը:
ԵՄ-ԱՀԿ համագործակցությունն առողջապահության ոլորտում
Շեշտադրելով առողջապահական արտակարգ իրավիճակների հանդեպ դիմակայունությունը՝ ԵՄ-ԱՀԿ համագործակցությունն ապահովում է, որ երկրներն ավելի լավ դիմակայեն ապագա ճգնաժամերին՝ միաժամանակ խթանելով համապարփակ առողջապահական ծածկույթի և Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման ապահովումը:
Այսօրվա մեկնարկով Հայաստանը նշանակալի քայլ է կատարում դեպի ավելի ուժեղ և կայուն առողջապահական համակարգ, որն աջակցում է իր բուժաշխատողներին և տրամադրում է ներառական հոգեկան առողջության ծառայություններ բոլորի համար»,- ասված է հաղորդագրության մեջ: