
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
2018 թվականից 2024 թվականը ներառյալ, 2017 թվականի համեմատ, Հայաստանի տնտեսությունն աճել է 43,5 տոկոսով, այսինքն՝ ՀՀ տնտեսությունը վերջին 7 տարիների ընթացքում աճել է 43,5 տոկոսով: Սա ահռելի աճ է, սա նշանակում է, որ մենք տարեկան միջինում 6,1 տոկոսից ավելի տնտեսական աճ ենք ապահովել: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 27-ի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի համար պետական կառավարման համակարգի բոլոր մարմիններին ու աշխատակիցներին, նաև գործարար համայնքի ներկայացուցիչներին ու հարկ վճարող քաղաքացիներին՝ նշելով, որ ՀՀ-ն շարունակում է մնալ կայուն տնտեսական զարգացման ուղեծրի վրա:
«Մեզ մեղադրել են, որ ճգնաժամային կառավարումը կա՛մ վատ ենք իրականացնում, կա՛մ չենք իրականացնում, կա՛մ այդպես շարունակ: Բայց, ըստ էության, 2018 թվականից շատ թե քիչ ոչ այդպիսին եղել է միայն 2019 թվականը: Մնացած բոլոր թվերը եղել են, ըստ էության, ճգնաժամային կառավարման տարիներ, և այս ճգնաժամային կառավարման պայմաններում միջինում 6,1 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել ՀՀ-ում, ինչը, կարծում եմ, առավել քան լավ և գնահատանքի արժանի ցուցանիշ է»,- ասաց նա: