
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Ռումինիայի բուհերում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (8 տեղ՝ 3 բակալավրիատ, 4 մագիստրատուրա, 1 ասպիրանտուրա): Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Ռումինիայի բյուջեի միջոցների հաշվին։
Ուսուցումն իրականացվելու է ռումիներենով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողներն անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց (նախապատրաստական): Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները, որոնք տիրապետում են անգլերենին և/կամ ռումիներենին:
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.
- դիմում և դիմում-հարցաթերթիկ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը (ձևերը կցվում են),
- ռումինական կողմից ներկայացված հարցաթերթիկ (կցվում է),
- ավարտական փաստաթղթի՝ ատեստատի, դիպլոմի և հավելվածի (միջուկի), պատճենները` անգլերենով թարգմանված և նոտարական հաստատմամբ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ),
- ավարտական դասարանում սովորողները՝ առաջադիմության թերթիկ (ակադեմիական տեղեկանք)՝ նոտարի կողմից անգլերենով թարգմանված և նոտարական հաստատմամբ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/,
- բակալավրի և մագիստրոսի ավարտական կուրսերում սովորողները՝ ակադեմիական տեղեկանք ամբողջ ուսումնառության վերաբերյալ` նոտարի կողմից անգլերենով թարգմանված և նոտարական հաստատմամբ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ),
- բժշկական տեղեկանք (հավելված)՝ նոտարի կողմից անգլերենով թարգմանված և նոտարական հաստատմամբ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ)՝ (ռումինական կողմի պահանջներին համապատասխան),
- ծննդյան վկայականի պատճենը՝ նոտարի կողմից անգլերենով թարգմանված և նոտարական հաստատմամբ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ),
- ինքնակենսագրություն (CV) (անգլերեն, 3 էջից ոչ ավելի),
- անձնագրի և գրանցման հասցեն հավաստող էջի պատճենները (ռումինական կողմի պահանջներին համապատասխան),
- 3×4 չափի 4 գունավոր լուսանկար,
- արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Հետբուհական (ասպիրանտական) կրթության համար դիմորդները պետք է ներկայացնեն նաև`
- ռեֆերատ՝ հայերենով (10 էջ),
- Ռումինիայում գիտական ղեկավարի նախնական համաձայնությունը:
Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել 2 օրինակ՝ պատճենի հետ միասին:
Քննությունները կկազմակերպվեն` համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի»:
Մագիստրոսական կրթության համար դիմորդների մրցույթը կկազմակերպվի` համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի»:
Հետբուհական կրթություն ստանալու համար մրցույթը կանցկացվի` համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգի»:
Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի մարտի 3-ից մինչև ապրիլի 8-ը ներառյալ՝ երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00-ը, ընդմիջում` ժամը 13:00-14:00:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (հասցեն՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 610 սենյակ, հեռ. +37410-59-96-46)։
Քննությունները տեղի կունենան 2025 թվականի ապրիլի 8-ին հաջորդող երկու շաբաթվա ընթացքում:
Մրցույթը կկազմակերպվի երկու փուլով՝ մասնագիտական քննություն և հարցազրույց:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. +37410-59-96-46:
Ծանոթություն. Արական սեռի ՀՀ քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև ՀՀ կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N 15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451–Ն որոշմամբ:
Միջազգային համաձայնագրերի հիման վրա օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից գործուղված քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում չի տրամադրվում:
Ռումինական կողմից ներկայացվող պահանջները կցվում են: