
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ արբիտրի լիազորություններով օժտված անձը, հանդիսանալով «Իրավունք արբիտրաժ» ՍՊԸ տնօրենը, իրեն դիմած բազմաթիվ քաղաքացիների օգտին կայացրել է ակնհայտ ապօրինի որոշումներ ու վճիռներ և խաբեության եղանակով նրանցից հափշտակել խոշոր չափերով, որոշ դեպքերում՝ 1 մլն ՀՀ դրամը գերազանցող գումարներ: Այս մասին տեղեկացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:
«Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ արբիտրը 2024 թվականի հունվարին իրեն դիմած քաղաքացու՝ ՀՀ սնանկության դատարանում քննվող գործով արգելանքի տակ գտնվող բնակելի տան արժեքի կեսի վճարման պարագայում իր կողմից վճռի կայացմամբ այն արգելանքից հանելու և նշված նպատակով վճարումներ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ կեղծ տվյալներ հաղորդելու եղանակով նրանից ստացել է ընդհանուր 1.200.000 ՀՀ դրամ գումար, սակայն կատարել է սնանկության գործով արգելադրված անշարժ գույքի համար միայն 183.000 ՀՀ դրամի չափով վճարումներ՝ այդ կերպ հափշտակելով գումարի մնացած մասը՝ ավելի քան 1.000.000 ՀՀ դրամը:
Բացի այդ, նշված արբիտրն իր քննությանը ոչ ենթակա քաղաքացիաիրավական հարցերի լուծման նպատակով անցկացրել է ձևական դատական նիստեր և կայացրել վճիռներ ամուսնալուծության ու անշարժ գույքի սեփականության իրավունքի փոխանցման հարցերով: Նշված երկու դեպքերով արբիտրն իրեն դիմած քաղաքացու վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է 1.400.000 ՀՀ դրամ:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բացված էջի միջոցով գովազդելով իր քննությանը ոչ ենթակա վարչաիրավական բնույթի, այն է՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված քաղաքացիների՝ նշված իրավունքը վերականգնելու իր ենթադրյալ իրավասությունը, տասնյակից ավել քաղաքացիների դիմումների հիման վրա 2025 թվականի փետրվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում կայացրել է «Տրանսպորտային միջոցներ ժամանակավոր վարելը թույլատրելու վերաբերյալ» վերտառությամբ ապօրինի որոշումներ, որոնցով այդ քաղաքացիներին թույլատրել է վարել տրանսպորտային միջոցներ՝ մինչև արբիտրաժային գործով դատական ակտի կայացումը:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար «Իրավունք արբիտրաժ» ՍՊԸ տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (2 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով (14 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,-նշվում է հայտարարության մեջ: