
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ուրուգվայ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեբաստիան Վալդոմիրի հետ:
Հանդիպմանը մասնակցել են պատգամավոր Պեդրո Խիսդոնյանը, Անա Օլիվերան՝ Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահը, որը 2024 թ. այդ պաշտոնում այցելել էր Հայաստան և սենատոր Լիլիամ Կեչիչյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև խորհրդարանական դիվանագիտության խթանման ուղիներն ու հնարավորությունները: Կողմերը հատկապես կարևորել են Ուրուգվայի հայ համայնքի դերը երկրների հետագա փոխգործակցության զարգացման գործում:
Հանդիպմանն Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեբաստիան Վալդոմիրը շնորհակալություն է հայտնել Վահագն Խաչատուրյանին Ուրուգվայի նախագահի երդմնակալությանը մասնակցելու համար, ինչը նոր խթան է հանդիսանալու հետագա համագործակցության ամրապնդման համար:
Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատին տարիներ շարունակ ցուցաբերած աջակցության և ընդունած որոշումների համար:
Զրույցի ընթացքում կողմերը կարևորել են ժողովրդավարական արժեքների պաշտպանությունն ու ժողովրդավարության ինստիտուտների զարգացումը և այս տեսանկյունից շեշտել խորհրդարանական համագործակցության հետագա սերտացման անհրաժեշտությունը: