
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։15-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «ջերմային կոնտակտային այրվածք աջ ծնկափոսի շրջանում, 3-րդ Բ աստիճան՝ մոտ 0.3% մարմնի մակերես, 20 օր ուշացումով հետվիրահատական» ախտորոշմամբ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» բուժօգնության է դիմել մի քաղաքացի։
Բուժօգնության համար դիմած քաղաքացին Երևանի բնակիչ 68-ամյա Լենա Շ․-ն է, որը Araratnews-ի հետ զրույցում հայտնեց, որ վնասվածքը ստացել է փետրվարի 7-ին «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնում՝ օրթոպեդ-վնասվածքաբան Ռաֆայել Ավետիսյանի գլխավորությամբ կատարված վիրահատության ընթացքում, որի ժամանակ բուժառուի ուսային հատվածներից հեռացվել են նախկին վիրահատությունից մնացած իմպլանտները։
ՀՀ քննչական կոմիտեից մեր հարցին ի պատասխան նշեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, եթե նրա անզգուշության հետևանքով հնարավոր չի եղել կանխել հիվանդության հետագա ընթացքը կամ բարդությունների առաջացումը, կամ եթե մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս, կամ առաջացել է սաղմի կամ պտղի վնասում)։
Տուժածը մեզ հետ զրույցում ասաց, որ վիրահատությունից հետո, երբ իրեն պալատ են տեղափոխել, ծնկի շրջանում զգացել է շատ ուժեղ ցավ, բայց քանի որ հետվիրահատական ցավեր են եղել նաև ձեռքերի շրջանում՝ նրան ցավազրկել են սրսկման միջոցով և ընդհանուր ցավը քչացել է։
Արդեն դուրսգրման ժամանակ՝ փետրվարի 9-ին, «Արթմեդ»-ի սանիտարը նկատել է, որ նրա ծնկի հետնամասում վնասվածք կա, որից հետո գնացել է բժշկի մոտ, որը նրան ուղարկել է վիրակապման, բայց բացատրություն չի տվել և ասել է․ «Եղածը եղած է, ավելի լավ է մի բողոքեք, ինչ պիտի շահեք, կբուժենք, կլավանաս կգնաս»։
Սակայն «Արթմեդ»-ից հայտարարել են, թե հերթական այցի ժամանակ է բուժառուն գանգատվել սրունքի վերին երրորդական շրջանի ցավերից․ «Զննման ժամանակ բուժող բժշկի կողմից նկատվել է ստորին վերջույթի շրջանում այրվածք, որի պատճառները բժշկին հայտնի չեն եղել: Չի արձանագրվել ինչպես նախավիրահատական, այնպես էլ հետվիրահատական փուլերում»:
Այնուամենայնիվ՝ «Արթմեդ»-ի նույն հայտարարությունում նշվում է, որ վիրահատության ընթացքում վիրահատող բժշկի կողմից օգտագործվում է էլեկտրական դանակ, որի վրա տեղադրվում է պասիվ էլեկտրոդ, որի կիրառման ընթացքում՝ յուղոտ կամ մազակալված մաշկի առկայության դեպքում կարող է առաջանալ նման այրվածք։ Բայց թե ինչպես է վիրահատվողի ոտքը այրվել, երբ նրա ուսերն են վիրահատվել՝ այդպես էլ պարզ չի դառնում։
Մեր զրուցակիցը պատմեց, որ դրանից հետո 20 օրվա ընթացքում պարզապես վիրակապն են փոխել «Արթմեդ» կատարած այցերի ըժամանակ, և վերջում դեղն ինքն է տարել հիվանդանոց, որպեսզի քսեն ոտքին։ Իսկ վերջին այցի ընթացքում նրա վիճակն այնքան վատ է եղել, որ վիրակապը փոխող անձը խորհուրդ է տվել չնայել ոտքի բաց վերքին, կանչել են օրթոպեդ-վնասվածքաբան Ռաֆայել Ավետիսյանին․ «Ինքը եկավ, հեռախոսով էր խոսում, երբ հարց տվեցին՝ ինչ անենք, ասեց՝ լավ-լավ ա, ու հեռախոսն ականջին գնում էր, ասեցի՝ իսկ թեւիս վիճակը, կարի՞ք չկա, որ ռենտգեն անենք, ասեց՝ չէ, կարիք չկա։ Իրենք չեն ուզում ասել, որ անփութություն է եղել, ուզում են ծածկել ու մեզ վրա բարդել, իբր մեր պատճառով է եղել», - ասաց կինը, նշելով, որ անգամ լրատվամիջոցներում հայտնված աղմուկից հետո նշված բուժհաստատությունից իր հետ կապ չեն հաստատել։
Այնինչ, տուժողի հարազատներին բժիշկն ասել է, թե իրենք են մեղավոր, որ իբր ինֆեկցիայի հետեւանքով է եղել, կամ մինչ վիրահատությունն է ոտքն այդպես եղել։ «Այսինքն՝ ես ոտքիս այրվածքով, ուժեղ ցավերով գնացել եմ թևս վիրահատելու ու իրենց բան չեմ ասել ոտքիս մասին»,- ասաց տուժողը։
Մեր զրուցակիցը նշեց, որ վիրահատությունից 20 օր անց՝ բժշկի անտարբերությունից հետո, երբ գնացել էր Արվածքաբանության կենտրոն, այնտեղ հաստատել են, որ ոտքն այրել են սարքի միջոցով, և տուժողը պարտավոր է դիմել ոստիկանություն․ «Քո ոտքի վիճակը շատ վատ է, կարող է վիրահատեն, պարզվի 4-րդ աստիճանի այրվածք է», - եղել է պատասխանը այրվածքաբանականից։
Նշենք, որ քրեական վարույթի շրջանակներում կնշանակվի նաև դատաբժշկական փորձաքննություն՝ հասկանալու համար, թե ինչպես է ի վերջո քաղաքացու ոտքը վնասվել, իսկ դեպքի հետ կապված կդիմենք նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։
Գեղամ Ադյան