Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 4-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Իլ-դե-Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսի հետ։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

 

Հանդիպման ընթացքում դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Իլ-դե-Ֆրանս ռեգիոնի նախագահին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, հայ ժողովրդին բացառիկ համերաշխության և շարունակական աջակցության ցուցաբերման համար։ Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել Իլ-դե-Ֆրանսի շրջանային խորհրդի՝ ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի, բանաձևերի ընդունումն ու մի շարք նախաձեռնությունները:

 

Անդրադարձ է կատարվել Երևանի և Իլ-դե-Ֆրանս ռեգիոնի միջև քաղաքաշինության, տրանսպորտի, աղբահանության, ֆրանկոֆոնիայի ոլորտներում ընթացող արդյունավետ համագործակցությանը։ Ընդգծվել է այդ գործակցության ընդլայնման ու ինստիտուցիոնալ բնույթով շարունակելու կարևորությունը։

 

Վալերի Պեկրեսը վերահաստատել է իր ու Իլ-դե-Ֆրանսի շրջանային խորհրդի հանձնառությունը՝ շարունակելու հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանն ու Հայաստան-Ֆրանսիա գործընկերության զարգացմանն ուղղված գործունեությունը:

 

Դեսպանը Խաչատրյանը ներկայացրել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի մոտեցումները, անդրադարձել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ազատ արձակման հրատապ խնդրին։

148