Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը հայտարարություն է ընդունել, որում կոչ է անում անհապաղ միջազգային գործողություններ ձեռնարկել Բաքվում ապօրինի և շինծու մեղադրանքներով անազատության մեջ պահվող հայերին ազատ արձակելու համար: Միաժամանակ զգուշացվում է, որ անհրաժեշտ է անհապաղ և վճռական գործողություններ իրականացնել, հակառակ դեպքում անգործությունը կխրախուսի հետագա բռնաճնշումներն ու մարդու իրավունքների խախտումները:

Խումբը դատապարտել է հայ բանտարկյալների, այդ թվում՝ քաղաքական գործիչների և քաղաքացիական անձանց նկատմամբ ապօրինի բանտարկությունը, ֆիզիկական ու հոգեբանական խոշտանգումները և քաղաքական հետապնդումները՝ դրանք համարելով Ժնևի կոնվենցիաների ու Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի բացահայտ խախտում։

«Ադրբեջանի կողմից քաղբանտարկյալներին շարունակաբար որպես լծակ օգտագործելը և նրանց նկատմամբ համակարգված վատ վերաբերմունքը տարածաշրջանային խաղաղությունն ու արդարությունն ապակայունացնելու ռազմավարություն են»,- ընդգծված է խմբի հայտարարության մեջ: Հայտարարության ներքո ստորագրած պատգամավորները ընդգծել են, որ միջազգային ուժեղ արձագանքի բացակայությունը միայն քաջալերում է հետագա չարաշահումները և բռնաճնշումները:  

Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը կոչ է արել միջազգային հանրությունը ձեռքերը ծալած չնստել, քանի դեռ նման դաժան անարդարությունները շարունակվում են։ 

81