Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին) հարկ է համարում ևս մեկ անգամ տեղեկացնել, որ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում կատարվել են հետևյալ փոփոխությունները և լրացումները.

Համաձայն օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի՝ կոնսերվացված արտադրական վտանգավոր օբյեկտները (ԱՎՕ) պետք է յուրաքանչյուր 3 տարին մեկ ենթարկվեն տեխնիկական անվտանգության փորձաքննության:

Համաձայն նույն օրենքի 15-րդ հոդվածի 8-րդ մասի՝ Տեսչական մարմնի կարգադրագրերն ուժի մեջ մտնելու օրվանից պետք է կատարվեն ոչ ուշ, քան կարգադրագրով սահմանված ժամկետում։ Տեսչական մարմնի կողմից ԱՎՕ-ի շահագործումն արգելելու մասին կարգադրագիրը ենթակա է անհապաղ կատարման:

Համաձայն՝ օրենքի 19-րդ հոդվածի «ժե» կետի՝ ԱՎՕ շահագործող անձը, եթե վերջինիս շահագործումը դադարեցվում է, պետք է եռօրյա ժամկետում ապահովի դրա կոնսերվացումը:

Հավելենք, որ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի պահանջները չկատարելու կամ խախտելու դեպքում սահմանված է և՛ վարչական, և՛ քրեական պատասխանատվություն։

Մասնավորապես` hամաձայն նույն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի արտադրական վտանգավոր օբյեկտի ընդլայնման, վերակառուցման, վերազինման, գտնվելու վայրի կամ շահագործող անձի փոփոխության դեպքում Լիազոր մարմնին չտեղեկացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Նույն օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նախատեսված տեխնիկական անվտանգության փորձաքննություն չանցկացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

Բոլոր այն դեպքում, երբ օրենքի պահանջների խախտումները կարող են հանգեցնել խոշոր տեխնածին աղետների և վթարների, առաջանում է քրեական պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով։

Ուստի, Տեսչական մարմինը՝ տեխնիկական անվտանգության ոլորտի վերահսկողության ու հնարավոր ռիսկերը կանխարգելելու նպատակով հորդորում է պատշաճ կերպով կատարել օրենքի պահանջները։

88