
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել է, որ 2024 թվականին Երևան քաղաքում շուրջ 30 կմ ոռոգման ջրագիծ է կառուցվել:
«Առաջին հայացքից կթվա մեծ բան չէ, բայց թե՛ մինչև 2018 թվականը, թե՛ դրանից հետո որոշ շրջան, տնկվել են ծառեր՝ չունենալով ոռոգում: Շատ դեպքերում կարող եք ականատես լինել, որ ծառեր չկան»,- հայտնել է նա:
Կոստանյանն անդրադարձել է նաև մայրաքաղաքում ծառերի փոխարինման գործընթացին, ասելով, որ մասնագետների լայն շրջանակի կողմից կա դիրքորոշում, որ կենսունակության ավարտին մոտ ծառերը, որոնք իրենց գործառույթները չեն կատարում, պետք է փոխարինվեն։
«Նախորդ տարի շուրջ 5000 տարբեր տեսակի ծառեր են տնկվել»,- ասել է նա և հավելել, որ այդ ծառերը տնկվել են մի շարք վարչական շրջաններում։
Ըստ նրա, ոչ միայն Երևանում, այլև մարզերում տնկվել են ծառեր՝ առանց ոռոգման համակարգի ցանցի կարգավորման, արդյունքում՝ այդ ծառերն ուղղակի չորացել են։
«Նորքի երբեմնի այգիներում, շատ բարդ ռելիեֆում իրականացրինք ծառատունկ, և այդ բարդ ռելիեֆային պայմաններում նաև ոռոգման համակարգ ենք անցկացրել, որ հետագայում որևէ խնդիր չունենանք»,- ասել է նա։