
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 27-30-ը Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսին:
Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսը համագործակցության և հաղորդակցության կարևորագույն հարթակ է, որը համախմբում է ամբողջ աշխարհի գրական համայնքներին, ընթերցողներին, պետական կառույցներին, հրատարակչություններին, գրական գործակալություններին, թարգմանիչներին, մասնավոր ընկերություններին, մեդիա մասնագետներին։
Ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում ազգային և անհատական տաղավարներում կներկայացվեն ծրագրեր, որտեղ կանցկացվեն երկխոսություն-քննարկումներ, միջոցառումներ, ցուցադրություններ, հանդիպումներ, փերֆորմանսներ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանի ազգային տաղավարը ներկայացնելու է Հայաստանի ազգային գրադարանի և Ավետիք-Իսահակյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ: Հայկական տաղավարում ներկայացվելու են ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ վերջին տարիներին հրատարակված հայկական պատմամշակութային ժառանգության վերաբերյալ գրքերը, ինչպես նաև հայ դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ:
Տաղավարի աշխատանքներում առանձնակի կարևորությամբ ներկայացվելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ գրականությունը թարգմանություններում դրամաշնորհային» ծրագիրը: Հայաստանի և արտերկրի հրատարակիչների հետ իրականացվող այս ծրագրի շրջանակում նախարարությունը մասնակի դրամաշնորհ է տրամադրում արտասահմանյան այն հրատարակիչներին, որոնք պատրաստ են իրենց երկրում հրատարակել հայ դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները:
Լայպցիգում կբացվի Ավետիք Իսահակյանի հուշատախտակը
Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունն այս տարի մեծապես միտված է նաև հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի 150-ամյա հոբելյանին, նրա ստեղծագործությունների տարածմանն ու հանրահռչակմանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Լայպցիգի քաղաքապետարանի համագործակցությամբ մարտի 25-ին Ֆրիդրիխ Էբերթ Շտրասսե-27 հասցեում (Friedrich-Ebert-Strasse 27) կբացվի Ավետիք Իսահակյանի հուշատախտակը, որը կրում է «Ինքնություն» խորագիրը: Լայպցիգի համալսարանում սովորելու տարիներին Ավետիք Իսահակյանն ապրել է նշված հասցեում։
Հուշատախտակը կներկայացնի տեղեկատվություն բանաստեղծի լայպցիգյան տարիների մասին՝ միաժամանակ փաստելով, որ Իսահակյանը Յոհաննես Լեփսիուսի, Յոզեֆ Մարկվարտի հետ միասին եղել է հայ-գերմանական ընկերության հիմնադիրներից: Հուշատախտակին ամրացված է լինելու նաև Գյումրիի սև տուֆը՝ որպես հայկականության խորհրդանիշ, որը շատ էր սիրում Իսահակյանը, և իր երևանյան տունը ևս կառուցված է այդ տուֆից: Հուշատախտակի վրա կլինի QR կոդ, որով մարդիկ կարող են դիտել Իսահակյանի և Գերմանիայի առնչությունների մասին գերմաներեն տեսանյութ:
Հուշատախտակի բացումից հետո «Alte Börse» համերգասրահում տեղի կունենա դասական երաժշտության համերգ. կկատարվեն Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր:
Ցուցահանդեի շրջանակում տարբեր տաղավարներում տեղի կունենան միջոցառումներ.
Մարտի 27
Ժամը 12:00-պաշտոնապես կբացվի Հայաստանի ազգային տաղավարը
Ժամը 10:30-Ավետիք Իսահակյանի «Աբու Լալա Մահարի» պոեմի գերմաներեն հրատարակության շնորհանդես
Ժամը 15:00-«Վարպետը» ֆիլմի ցուցադրությունը
Մարտի 28
Ժամը 17:00-Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունների գերմաներն հրատարակության շնորհանդես
Մարտի 29
Ժամը 13:00-բանախոսություն՝ «Հայ գրականության զարգացման միտումները» խորագրով՝ արձակագիր, կինոսցենարիստ Արամ Խաչատրյան
Հիշեցնենք, որ 2025 թվականի Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառին Հայաստանի մասնակցության վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2024 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի՝ ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում: Նախարարը Լայպցիգի քաղաքապետ Բուրքարդ Յունգի հետ հանդիպմանը քննարկել էր համագործակցության ծրագրեր: Հանդիպմանը մասնակցել էր նաև Լայպցիգի գրքի ցուցահանդես-տոնավաճառի տնօրեն Աստրիդ Բյոհմիշը, որի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել Հայաստանի՝ Լայպցիգի գրքի ցուցահանդես-տոնավաճառի մասնակցության վերաբերյալ:
Նախարարությունից հիշեցնում են, որ նախորդ տարի Լայպցիգի գրքի միջազգայի ցուցահանդես-տոնավաճառին մասնակցել են 40 երկրի 2085 ցուցադրող, 283 000 այցելու, 55 000 ոլորտային մասնագետներ, 3131 լրագրող և մեդիայի ոլորտի ներկայացուցիչներ: Լայպցիգի գրքի միջազգային ամենամյա ցուցահանդեսը հիմնադրվել է 1632 թվականին: